Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդի, հանրապետության ուժային մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել համերգ-միջոցառում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առիթով հայ զինվորներին և սպաներին մաղթել է ուժ, կորով ու տոկոնություն՝ նշելով, որ պատերազմի արդյունքը չպետք է հուսահատեցնի Հայոց բանակին և հայ զինվորին, առավել ևս՝ հայ ժողովրդին, այլ առիթ պիտի դառնա ստեղծված իրավիճակից դասեր քաղելու, ավելի համախմբվելու, ուժեղանալու և շտկելու թույլ տված սխալներն ու բացթողումները:
Արարատ Գրիգորյանը խոնարհումի ու հիշատակի խոսքեր է ասել՝ ուղղված Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր զինվորների հիշատակին: Օրհնության խոսքով հանդես է եկել Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմական գործողություններին զոհ գնացած բոլոր հայորդիների հիշատակը: Հնչել են հայրենասիական երգեր և գործիքային կատարումներ:
Միջոցառումից հետո ներկաներն այցելել են Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցել Վայոց ձորի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին: Վերջում կատարվել է մոմավառություն: