44-օրյա պատերազմը կողք կողքի անցան երկու ընկերուհիները՝ ավագ լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանն ու բուժքույր-անեսթեզիոլոգ Արուսյակ Բաբասիևան: Չարագուշակ զանգը փչացրել էր երկուսի սեպտեմբերի 27-ի կիրակին: Արուսյակը համբույրով շնորհավորել էր մայրիկի տարեդարձն ու անմիջապես մեկնել Արցախ: Հասմիկն էլ թողել էր անչափահաս երեք երեխաներին ու ամուսնուն:
Պատերազմի ամենաթեժ օրերին ամենավտանգավոր հատվածներից մեկում էին, ծառայում էին Ջրականի մոտ՝ Իշխանաձորի դաշտային հոսպիտալում: Հիմա իրենք էլ դժվար են պատկերացնում, թե ինչպես էին աշխատում առանց քնելու, սնվելու՝ 3-5 օր անընդմեջ չհեռանալով վիրահատական սեղաններից;
Մի կողմ թողած պատերազմի լուռ վկաների՝ մասնագիտական սխրանք գործած բժիշկների աշխատանքը, նրանք անընդմեջ պատմում են հերոս պատանիների՝ մեր զինվորների զարմանալի պատմությունները, որ իրական ճշմարտությունն են մեր բանակի ու զինվորի պատվախնդրության մասին:
Հիմա, երբ բժիշկները պայքարում են վիրավոր զինվորների լիարժեք բուժման ու վերականգնման համար, ամեն վայրկյան հիշում են դաշտային հոսպիտալներում գործած մասնագիտական հրաշքները: Արուսյակը նշում է՝ այն, ինչ այսօր լեգենդ են համարում, պատերազմական դառը իրողություններ են:
Հասմիկը խնամքով տեղադրում է Նարեկն ու պատվոգիրը, որոնցով այսօր է պարգևատրվել: Խոստովանում է՝ պատերազմն ամբողջությամբ փոխել է իր կյանքն ու արժեհամակարգը: Հիշում է՝ 44 օրվա ընթացքում գոնե 3 հրաժեշտի նամակ է գրել ամուսնուն:
Հետպատերազմական դժվար օրերում երկուսն էլ ծառայողական պայուսակը կազմ-պատրաստ են պահում, քանի որ Արուսյակն առաջիկայում խաղաղապահ առաքելության կազմում մեկնում է Սիրիա, իսկ Հասմիկը միշտ պատրաստ է առաջինը մեկնել առաջնագիծ՝ եթե պատերազմ սկսվի: