Ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը տարեսկզբի մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով ղարաբաղյան թեմային, նշել էր, որ ռուսական կողմը գործընկերների հետ շփումներում առաջ է տանում ռազմագերիների վերադարձի հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի փակի այդ հարցը՝ առաջնորդվելով «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Լուծման ո՞ր փուլում է այժմ գտնվում հարցը, «Լուրերի» հարցին ի պատասխան, ամենշաբաթյա ճեպազրույցին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց՝ գերիների խնդրի լուծման լավագույն տարբերակը «Բոլորը բոլորի դիմաց» փոխանակումն է: Ռուսաստանը հանդես է գալիս գերիների և պահվող անձանց փոխանակման օգտին հենց այս բանաձևով։
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, ինչպես նաև երկրների միջև հունվարի 11-ի պայմանավորվածություններին համապատասխան, ռազմագերիների և այլ պահված անձանց վերադարձի խնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում է: Ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցերում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորակազմի գծով։ Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու ԱԳՆ ղեկավարը, այդ խնդրի շուտափույթ լուծման լավագույն տարբերակը կլիներ գերիների փոխանակումը «Բոլորը բոլորի դիմաց» բանաձևով:
ՄԱԿ-ը Երևանի և Բաքվի հետ համաձայնեցնում է գնահատման առաքելության գործուղումը դեպի Արցախ: Այժմ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն աշխատում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները։ Օգտակար կլիներ, կարծում է Զախարովան, միջազգային այլ պրոֆիլային կառույցների միացումը: Ռուսաստանը միջազգային կառույցներին կոչ է արել միանալ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ցուցաբերմանը: Ղարաբաղյան հակամարտության շրջանում կայունացման հասնելուն զուգահեռ, նրա խոսքով, առաջին պլան են մղվում կարիքավորներին և տուժածներին համալիր հումանիտար աջակցության խնդիրները:
Մարիա Զախարովա - Ներկայում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։ Ինչ վերաբերում է ՄԱԿ համակարգի մասնագիտացված գործակալություններին, ապա կազմակերպության ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու համաձայնեցումը:
Ռուս մասնագետների և խաղաղապահների աջակցությամբ նոյեմբերի 14-ից մշտական բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 51 հազար մարդ: Կազմակերպվել է զոհվածների մարմինների փոխանցումը, ականազերծվել է գրեթե 750 հա տարածք, ավելի քան 230 կմ ճանապարհ, վնասազերծվել է մոտ 24 հազար պայթուցիկ առարկա: Ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը, շուրջ 1300 մարդ ստացել է բուժօգնություն՝ ամփոփում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ խմբի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 30-ին: