Նվիրումն ուղեկցում էր՝ անկախ այն բանից, թե որ մասնագիտությունն է ընտրել: Նրան սպասում էին ԵՊՀ պատմության ֆակուլտետում, բայց ինքն սպասեցնել չտվեց պատերազմող երկրին: Գնաց՝ 84 զինվորի կյանք փրկելով: Այսօր բացվել է Վահագն Թումասյանի անվան լսարան:
Վահագնի ամենասիրած խաղալիքները տանկեր էին, զենքեր: Ծնողները մինչև հիմա էլ պահում են դրանք: Թուրքերենի ու ադրբեջաներենի փայլուն մասնագետը կարող էր գիտության ոլորտում շարունակել իր գործունեությունը, բայց, փաստորեն, մանկուց էր որոշել համազգեստով ու զենքը ձեռքին ծառայել հայրենիքին:
Արամ Թումասյան, Վահագն Թումասյանի հայրը, թուրքագետ - Ինքս գիտության մարդ եմ, իրեն խրախուսել եմ, ասել եմ, միշտ աջակցել եմ, որ գիտության բնագավառում նույնպես զարգանա, բայց ինքը բազմաշնորհ տղա էր, բազմապրոֆիլ: Որ բնագավառ որ մտնում էր, հաջողությամբ իր գործն ավարտում էր: Այնպես որ, երբեք չեմ կասկածել: Ինքը, որպես մարդ, կարծես թե կատարելության էր հասել, իսկ որպես մասնագետ՝ անթերի էր:
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուզում էին, որ իրենց սանն իր տեսակով ամեն օր օրինակ ծառայի ուսանողներին: Հետախույզ փոխգնդապետի թուրքագետ հայրն էլ հույս ունի, որ տղայի անունը կրող լսարանում սովորողները Վահագանի չափ հայրենասեր կդառնան: Ֆակուլտետի դեկանը Վահանգի հետ մեծ հույսեր էր կապում: Ասում է՝ որոշել էր նաև գիտությամբ զբաղվել, իր գործը կապել ֆակուլտետի հետ:
Էդիկ Մինասյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան - Նրանց սերունդը դաստիարակվել էր Թաթուլի և նրա նմանների լսարանում, ուստի հաջորդականությունը պահելով՝ նրանից հետո եկող սերունդը պետք է դաստիարակվի նրանց ոճով:
Վահագն Թումասյանը կրթություն է ստացել Ռուսաստանում, Չինաստանում, Հունաստանում: 2007-ից անցել էր հետախուզական աշխատանքի: Ռազմական հետախուզության մեջ իր արձանագրած հաջողությունների համար պաշտպանության գրեթե բոլոր նախարարներից արժանացել է մեդալների: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Վահե Հովհաննիսյան, Վահագն Թումասյանի ուսանողական ընկեր, ԱԺ պատգամավոր - Վահագը ցանկացած պարագայում պատրաստակամ էր մարդկանց օգնելու:
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Վահագնը նորից է ապացուցել, թե նվիրումի ինչ մեծ կարողություն ունի: Վտանգելով կյանքը՝ շրջափակումից ազատել և 84 զինվորի է փրկել: Իսկ թե ինչի էր պատրաստ հայրենիքի համար, հազարավոր բառերի փոխարեն նրա՝ կյանքով նվիրումն է պատմում:
Սարգիս Ստեփանյան, ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ - Ինքն իր կերպարով, իր տեսակով բոլորից տարբերվել է: Ղեկավարի մեծ ջիղ ուներ, հաղթող տեսակ էր:
Վահագնի միակ ժառանգն է 12-ամյա Մարիամը: Հայրն է նրան երգել սովորեցրել, երազել է մեր պատմության ամենափառավոր էջերի մասին հորից է լսել: Դրանք երբեք չեմ մոռանա՝ ասում է Մարիամը:
Մարիամ Թումասյան, Վահագն Թումասյանի դուստրը - Միշտ ասում էր՝ դու միակ իմ ժառանգն ես, դրա համար իմ պատիվը պետք է միշտ բարձր պահես: Դպրոցում էլ, երբ քայլում եմ, ինձ նայում են, մի տեսակ ինձ շատ հպարտ եմ զգում:
Վահագն իր ապրած կյանքով դարձել է բոլորինը, հայրենիքինը, բայց Մարիամն է այն միակ երջանիկը, որ մտքի բոլոր շերտերում, ընդամենը 12 տարում, ամբարել է այնքան քաղցր հուշ, որ ամբողջ կյանքում ուժ ստանա հորից: