ԵԽԽՎ-ն ձմեռային նստաշրջանի վերջին օրը նվիրեց մարդու իրավունքներին, սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու և ատելություն հրահրելու դեմ պայքարին: Եվրոպացիները կարծում են, որ դա ոչ թե թիրախավորում է, այլ խոսքի ազատություն, որը տարբերակում է ժողովրդավար երկիրը բռնապետությունից: Մինչդեռ մեծ տեխնոլոգիական ընկերություններն սպառնալիքի տակ են դնում մարդու իրավունքների կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն արտահյատվելու ազատությունը: Վեհաժողովի պատվիրակները սեփական փորձն են ներկայացնում:
Սոս Ավետիսյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Մեր քննարկումներն այս կամ այն կերպ հանգեցնելու են մեդիագրագիտության խնդրին: Մենք պետք է կրթենք հանրությանը, որ այն կարողանա տարբերակել փաստերը կեղծիքից, և դա միակ ճանապարհն է, որով նրանք, որպես սոցհարթակների պատասխանատու օգտատեր, կկարողանան գործել: Հաճախ արգելափակումը քսեոնոֆոբիայի և ատելության պատճառով է, որն ուղղորդվում է կոնկրետ խմբի կողմից: Կոչ եմ անում չշտապել և դեմ քվեարկել այս զեկույցին:
ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ելույթն սկսեց Հոլոքոստի օրվա հիշատակի միջոցառումից, որ, ինչպես խոսքում նշեց նաև Սոս Ավետիսյանը, բավարար ուշադրության չարժանացավ Եվրոպայի խորհրդում: Վարդանյանը կոչ արեց մարդու իրավուքնների մասին խոսելիս չմոռանալ ցեղասպանությունների, էթնիկ զտումների մասին, մանավանդ, որ օրինակ՝ Հոլոքոստն ազդել է Եվրոպայի խորհրդրդի գրեթե բոլոր անդամ երկրների վրա:
Վլադիմիր Վարդանյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Հոլոքոստը, ցեղասպանություներն ու մարդկության դեմ բոլոր հանցանքերը հիմնված են նացիզմի գաղափարախոսության վրա: Հենց ատելությունն ու պիտակավորումն են հնարավոր դարձրել այդ բոլոր հանցանքները: Ջորջ Ֆլոյդի սպանությունն էլ ևս մեկ անգամ հիշեցրեց խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարելու անհրաժեշտությունը, ինչին հաճախ ենք առերեսվում Եվրոպայում: Հասարակությունում ոստիկանությունը կարևոր դեր ունի, նա օրենքի գերակայության պահապանն է: Ոստիկանության գործողությունները հաճախ ձևավորում են հասարակության վերաբերմունքը կառավարության նկատմամբ: Հետևաբար, ոստիկանների ամենօրյա աշխատանքում էթնիկ խտրականությունը չի կարող համապատասխանել եվրոպական չափորոշիչներին: Եվրոպան պետք է զրո հանդուրժողականություն ցուցաբերի էթնիկ ատելության և խտրականության հանդեպ: Դրա կարևոր բաղադրիչը կարող են լինեն ոստիկանների կանոնավոր վերապատրաստումները:
Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ ռուս ընդդմիադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին՝ նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարևոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։
Նաիրա Զոհրաբյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից։ Սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող և չպետք է լինի ընտրովի ու չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք և ոչ մի անգամ պայմանավորված չի եղել քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ամբողջ հանրությունն այսպես մեկ բռունցք դարձած դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես, որպես հայ պատգամավոր, չեմ կարող չտալ, իմ կարծիքով, խիստ լեգիտիմ մի հարց. երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը և ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։
Զոհրաբյանը կոչ արեց ԵԽԽՎ-ին, որ հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պետք է լինի, պարզապես մնալ այդ արժեքներին հավատարիմ: