ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:
«Այս տարի մենք յուրովի ենք հիշում այս նվիրական տոնը, յուրահատուկ է նաև օրվա խորհուրդը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում մեր ժողովուրդը, պետությունը, մենք բոլորս ծանր կորուստներ ենք կրել:
Եվ այժմ պետք է անենք հնարավորը, որպեսզի կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները և դուրս գանք ստեղծված իրավիճակից, բոլորս պետք է լինենք Հայրենյաց պաշտպան՝ ամեն մեկս մեր տեղում պարկեշտ և արհեստավարժ կերպով կատարելով մեր պարտականությունները:
Այսօր, ավելի քան երբեք, պետք է անհաշտ պայքար մղենք անարդարության, չարության, եսասիրության, նյութապաշտության և այլ արատավոր երևույթների դեմ, լինենք ավելի հանդուրժող ու կարեկից, հոգատար ու հայրենասեր: Այդ դեպքում, վստահ եմ, կկարողանանք գրանցել հաջողություններ:
Խաղաղություն բոլորիդ»,- գրել է Դավիթ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում: