Հանուն կյանքի ու հանուն Հայրենիքի երդում տված 29 ուսանող այսուհետև Երևանի պետական բժշկական համալսարանում ներկա կլինի հավերժ: Բացվում է Արցախյան պատերազմում զոհված հերացիականներին նվիրված հուշատախտակ:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Նրանք 32-ն էին, այս պահին զետեղված է 29 ազգանուն: Մենք հպարտությամբ յուրաքանչյուրը նրանցից հնչեցնում ենք որպես կայացած բժիշկ, որպես մարդիկ, ովքեր կյանքը զոհեցին, բայց ոչ արժանապատվությունը, բայց ոչ բժշկի բարձր կոչումը:
Ուսանողների ճակատագիրն ընդհատվեց, երբ մի մասը Հիպոկրատի երդումն էր կատարում, մյուսը՝ զինվորական՝ հրաման:
Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Մեր բանակին ես ցանկանում եմ մարտական ոգի և դեպի առաջ, դեպի հզոր Հայաստան, որի առաջին երաշխավորը բանակն է, այդ թվում՝ բժիշկները: Բժիշկները մեր կրկնակի հերոսներն են:
Հուշատախտակի հերոսներից մեկը Էմիլ Մարտիրոսյանն է: Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր:
Մարիամ Մարտիրոսյան (Էմիլ Մարտիրոսյանի քույրը) - Միշտ մտածում էր, որ ծառայության կգնա ուսումն ավարտելուց հետո, որպեսզի այնտեղ բժիշկ աշխատի: Ասում էր, որ այդպես ավելի պիտանի կլինի:
Բայց զորակոչվեց առաջին կուրսն ավարտելուց հետո՝ 2020-ի օգոստոսին: Ապագա ստոմատոլոգը Հադրութում էր ծառայում: Զինվորական համազգեստը կրում էր հպարտությամբ՝ նույնպիսի հպարտությամբ սպասելով սպիտակ համազգեստի հերթին: Շարքային Մարտիրոսյանը զոհվել է հոկտեմբերի 1-ին՝ Վարանդայում:
Մարիամ Մարտիրոսյան - Իր մասնագիտությունը շատ էր սիրում, անգամ, երբ դեռ չէր ընդունվել, անընդհատ նայում էր, հետևողականորեն հարցնում, բժշկության հետ կապված ամեն ինչ իրեն հետաքրքրում էր:
6-րդ կուրսի ուսանող Արթուր Գինոսյանը պատերազմի լուրը լսելուն պես շտապել է Ստեփանակերտ: Շուրջ 4 տասնյակ կյանք է փրկել: Մարտի դաշտից դիեր է դուրս բերել: Ասում է՝ իր զոհվելու հավանականությունը շատ մեծ էր:
Արթուր Գինոսյան (ԵՊԲՀ ուսանող, պատերազմի մասնակից) - Վիրակապում էի, շտապում էի էլի գնալ, խրամատում կանգնել, պայքարել: Ընենց ծանր հիվանդներ ունեինք, ծանր վիրավորում ստացած, որ չգիտեինք՝ կապրի՞, թե՞ չէ, բայց մարդը ձգտում էր գնալ խրամատ: Տեսել եմ, թե ինչպես են բժիշկները կենաց-մահու կռիվ տալիս, ու այնպիսի վիրավորների են կենդանացրել, որ հույս չկար:
Մինչև այս պատերազմը նա ցանկանում էր մանկաբույժ դառնալ, հիմա արդեն հաստատ որոշել է՝ ապագա վիրաբույժ է:
Արթուր Գինոսյան - Խոստանում եմ ծառայել հայրենիքիս ու լինել լավագույնը: Ինչքան էլ բարդ է լինելու իմ ուղին բժիշկ դառնալ, բայց եթե բժիշկ ես, պիտի լինես լավագույնը:
100-ամյա բժշկական բուհում խոստանում են՝ ընկերների հիշատակն ու ապրելու խորհուրդը փոխանցել սերունդներին` նրանց սխրանքն օրինակ դարձնելով յուրաքանչյուրի համար: