Տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար պետք է ձևավորվի փոխվստահության մթնոլորտ և լուծվի ամենակարևոր՝ անվտանգության խնդիրը՝ Մոսկվա մեկնելու նախաշեմին այսօր «Լուրերի» հարցին ի պատասխան ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Երկու օրից՝ հունվարի 30-ին, Գրիգորյանը Դաշնության մայրաքաղաքում հանդիպելու է ռուս ու ադրբեջանցի պաշտոնակիցներին։ Սա երեք երկրի փոխվարչապետներից կազմված աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է լինելու։
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Բարդ աշխատանք է, շատ հարցեր կան, որ պետք է վերլուծվեն ու կարգավորվեն:
Եռակողմ ձևաչափով աշխատանքային խումբ ձևավորելու մասին որոշումը կայացվեց հունվարի 11-ին, երբ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին երեք երկրի ղեկավարները։ Շուրջ 4 ժամ տևած քննարկման արդյունքում Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը համատեղ հայտարարությամբ ֆիքսեցին երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները ապաշրջափակելու, տնտեսական կապերը զարգացնելու քայլերի հաջորդականությունը։ Ըստ փաստաթղթի 4-րդ կետի՝ փոխվարչապետներից կազմված խումբը մինչև մարտի 1-ը պետք է հաստատման ներկայացնի Ադրբեջանից Հայաստանի տարածքով և հակառակ ուղղությամբ, միջազգային փոխադրումներ իրականացնելու, դրանց անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման ցանկն ու ժամանակացույցը։ Գրիգորյանն առայժմ դժվարանում է կանխատեսել՝ արդյոք հնարավոր կլինի՞ հասնել փոխվստահության մթնոլորտի երկու ժողովրդի միջև, ասում է՝ հարցի պատասխանը կուրվագծվի հանդիպումներից հետո։
Մհեր Գրիգորյան - Պետք է լինի, որ իրականանա, այլապես դժվար կլինի, մենք առայժմ լինելու ենք հունվարի 11 հանդիպման 4-րդ կետի շրջանակում:
Տարածաշրջանի անվտանգության ու կայունության թեման երեկ նաև Այվազյան- Զարիֆ հանդիպման առանցքային հարցերից էր։ Իրանն այժմ լուրջ հետաքրքրված է տարիներով սառած տրանսպորտային կապերի վերագործարկմամբ։ Արա Այվազյանի հետ քննարկումից հետո արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր՝ «պաշտոնական Թեհրանն իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար»։
Հայաստանը, սակայն, չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար՝ Զարիֆի հետ հանդիպմանը հստակ ընգծել էր նախարար Այվազյանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վստահությունը երերուն է լինելու նաև տնտեսական կապերում, «Լուրերի» հարցին ի պատասխան երկրի գլխավոր դիվանագետն այսօր հիշեցրեց՝ դեռ կան մի շարք չլուծված, կարևոր հարցեր։
Պաշտոնական Երևանի համար օրակարգային է նաեւ Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ շեշտում է արտգործնախարարն ու հիշեցնում, որ դեռ չլուծված ու հասցեագրում պահանջող առանցքային հարցերի մասին հայտարարել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները։ Իսկ ինչպե՞ս է հարցը բանակցվելու, եթե Ադրբեջանի նախագահն ասում է, որ կարգավիճակի թեման փակ է։
Առաջիկայում սպասվում է համանախագահների այցը տարածաշրջան, ժամկետը դեռ հստակ չէ։