Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական առանցքային հարց, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին խոսել են նաև համանախագահ երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով: Այս մասին այսօր Եռաբլուրում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, որն ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման պարագայում՝ առաջին հերթին՝ մեր գերիների ազատ արձակման հարցում:
Կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար: Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծով միջազգային ճնշումն օրեցօր աճում է, և հույս ունեմ, որ Ադրբեջանը կհասկանա՝ հարցը պետք է ունենա հրատապ լուծում:
Վստահ եմ, որ հետևել եք Մինսկի համանախագահների և ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են՝ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն: Առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը:
Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, ակնկալում ենք առաջիկայում նրանց այցը տարածաշրջան: Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի: Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- ասաց Արա Այվազյանը: