ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությանը զինվորագրված գեներալներից, սպաներից ու զինվորներից մինչև աշխարհազորայիններ ու կամավորականներ։
Պատահական չէ, որ այս օրը մասնագիտական տոն լինելուց բացի նաև համապետական և համազգային տոն է մեր հանրային ընկալման մեջ: Այս գիտակցումը առավել ամրացավ վերջին իրադարձությունների բերումով, երբ բոլորս, մեր տեղերում, անդամագրվեցինք Հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծից մինչև թիկունք դառնալով Հայոց բանակի մեծ ընտանիքի մի մասնիկը:
Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից անկասկած պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ: Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, և սրանում մեր բոլորիս անելիքը չափազանց մեծ է:
Իհարկե Բանակի օրը տոն լինելուց զատ ունի նաև հիշատակի խորհուրդ, այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք նաև բոլոր այն նվիրյալներին, ովքեր կանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքներում, նրանց, ում հերոսության, իսկ հաճախ և՝ կյանքի գնով հաղթեցինք ինչպես 1991-1994 թթ. Արցախյան պատերազմում, այնպես էլ դիմակայեցինք վերջին պատերազմական գործողություններում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի առթիվ:
Փա՜ռք Հայոց բանակին»,- ասված է ԱԽ քարտուղարի շնորհավորական ուղերձում: