ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ.
«Այսօր Հայոց բանակի օրն է. մեր երկրի անվտանգության երաշխավորի` հայ զինվորի տոնը, այն երիտասարդների, ովքեր ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին` համառ մարտեր մղելով թշնամու դեմ՝ հանուն մեր երկրի գոյության և ժողովրդի ինքնության: Սակայն անհավասար մարտերում բազմաթիվ կորուստներ ունեցանք, ինչի համար խորապես ցավում ենք ու մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին:
Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին, զօրուգիշեր պայքարել նրանց կյանքի համար, կազմակերպել վիրավորների տեղափոխումն ու բուժօգնությունը:
Հատուկ շնորհակալություն այն բժիշկներին ու կամավորներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը` շարունակել են կատարել մասնագիտական առաքելությունը, շնորհակալ ենք նաև ռազմական բժիշկներին, ովքեր մեծ նվիրումով փրկել են մեր հայորդիների կյանքերը:
Այսօր էլ հանրապետության բժշկական կազմակերպություններում շարունակում են բուժում ստանալ պատերազմից տուժած մեր զինվորները: Նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում, ուժ ու եռանդ` ապագա ծրագրերի իրագործման ճանապարհին:
Փա՛ռք ու պատիվ քեզ, հա՛յ զինվոր ու Հայո՛ց բանակ, խաղաղություն մեր երկրին»: