ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ՝ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի և Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատներն Արցախում չգտնվելու պատճառով՝ այցը հետաձգվել է:
Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է հայտնել հերոսների հարազատներին, նշել, որ զոհված փրկարարների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրներն այսուհետ ևս լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում ԱԻ ծառայությունից չորս փրկարար է զոհվել: Վերջիններս ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել են «Արիություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով:
Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ.Աղաջանյանին հետմահու շնորհվել էր նաև «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ: