«Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե ինչո՛ւ է հայտարարել, որ Շուշին ադրբեջանական քաղաք է:
Փաշինյան - Դո՞ւք էիք հարցնում, որ ես հայտարարել եմ՝ Շուշին ադրբեջանական է:
Լրագրող - Դո՞ւք չեք ասել:
Փաշինյան - Դո՞ւք էիք հարցը տալիս, ես ձեզ հարց եմ տալիս:
Լրագրող - Պարո՛ն Փաշինյան, դո՞ւք չեք հայտարարել:
Փաշինյան - Դո՞ւք էիք հարցը տալիս:
Լրագրող - Ես ևս այդ հարցը տվել եմ:
Փաշինյան - Որտե՞ղ եմ հայտարարել:
Լրագրող - Ազգային ժողովում...
Փաշինյան - Թղթի վրա կգրեք մեջբերումը:
Լրագրող- Թղթի վրա չեմ գրի, ես կարող եմ բանավոր մեջբերել:
Փաշինյան- Ոչ բանավոր:
Լրագրող - Ռազմագերիների հարցը ինչո՞ւ չի լուծվում:
Փաշինյան - Իմ մեջբերումը կբերեք դուք անձամբ թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, և ես ձեր հարցին կպատասխանեմ ուղիղ եթերում:
Հունվարի 20-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանին վարչապետ Փաշինյանի՝ Շուշի քաղաքի վերաբերյալ հայտարարությունը րոպեներ անց հայտնվեց և շաբաթվա ընթացքում մնաց որոշ լրատվականների գլխագրերում: Քննադատություններ և մեղադրանքներ հնչեցին, թե Փաշինյանն ասել է՝ Շուշին ադրբեջանական քաղաք է: Կառավարության հետ հարցուպատասխանի օրը Փաշինյանը շեշտել է՝ բանակցությունների ընթացքում քննարկվող բոլոր տարբերակները ենթադրել են ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի:
Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով: Եվ մեկ էլ ասում եք՝ բա ինչո՞ւ եք հայտարարել՝ Արցախը Հայաստանն է: Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք պաշտոնական:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ՝ վարչապետի հայտարարությունն ամբողջովին խեղաթյուրված է ներկայացվել մամուլում և ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքում:
Ռուբեն Ռուբինյան (ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ) - Պատերազմից առաջ՝ 1987 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսն ադրբեջանցիներ էին, հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է դառնար 90 տոկոսով ադրբեջանական: Ըստ Ռուբինյանի՝ Փաշինյանի ասածը եղել է հետևյալը՝ եթե ես համաձայնեի Շուշի փախստականների վերադարձին, արդյոք Շուշին կմնա՞ր հայկական. «Դուք ասեք՝ այս խոսակցությունն ընդհանրապես Շուշիի՝ հայկական լինել կամ չլինելու մասի՞ն էր, թե՞ փախստականների վերադարձի արդյունքում Շուշիի փաստացի վերահսկողության: Ընդդիմադիր հատվածի և մամուլի մի զգալի հատված գիտակցաբար խեղաթյուրել է վարչապետի խոսքը»:
Ռուբինյանը շեշտեց՝ Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է: