Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այսպես կոչված՝ ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920 թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի մահվան տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցի իր էջերում: Այդ մասին հաղորդում է ermenhiaber-ը:
Էրդողանը գրառմանը կից հրապարակել է Քազըմ Քարաբեքիր փաշայի դիմանկարը՝ հռետորական հարց հնչեցնելով, թե արդյոք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը: Այնուհետև Էրդողանը նշել է, թե իբր Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»: Նրա խոսքով՝ Քարաբեքիրը «որբերի հայրն էր», որն «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստան-խմբ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և վերջիններիս բոլոր ծախսերը:
Անդրադառնալով դիմանկարի պատմությանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ այն Քարաբեքիրին էին նվիրել Տրապիզոնի որբերը, որոնք գտնվում էին փաշայի հովանու ներքո: Էրդողանը տխրահռչակ թուրք զորավարի «երախտիքը» ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար գրել է.
«Դիմանկարի տակ արված գրությունը ևս մեկ անգամ մեզ ցույց է տալիս, թե որքան բարի և որքան մեծահոգի է եղել մեր նախնին. Որբերի մեծարգո հայր հերոս Քազըմ Քարաբեքիր փաշային... Տրապիզոնի հայ որբերի կողմից... Ռումի 1922 թ. սեպտեմբերի 9»: Դիմանկարի տակ արված գրությունն օսմաներեն է:
Թուրքիայի նախագահի այս գրառմանն արձագանքել է այդ երկրի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը. «Այսպես կոչված այդ դիմանկարի պատմությունը գիտե՞ս, պարոն Էրդողան: Այդ երեխաները որբացել են, քանի որ հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ իրենց ընտանիքները կոտորվել են: Պարո՛ն Էրդողան, դու իսկապես պատրա՞ստ ես առերեսվել այդ դիմանկարի պատմության հետ»,- հարցրել է հայազգի պատգամավորը: