2021թ. 250 աշակերտի և ապագա մյուս ֆրանկոֆոնների համար դռները կբացի Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրը: Շինաշխատանքներին է հետևել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը՝ ԿԳՄՍ նախարարի, Հայաստանում Ֆրանսիայի և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանների ուղեկցությամբ:
Մարի Հակոբյան, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի աշակերտ - Ֆրանսերեն շատ եմ սիրում, բացի այդ՝ սիրում եմ տարբեր լեզուներ սովորել: 5 լեզու գիտեմ՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն:
Իսկ 6-րդ՝ երաժշտության լեզվով էլ դիմավորելու է Փարիզից ժամանած հյուրերին: Հայաստանում Ֆրանսիայի Արտաքին գերատեսչության պետքարտուղար Լըմուանը նախ այցելում է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր՝ տեսնելու, թե որտեղ են երեխաները նորարարական ֆրանսիական կրթություն ստանալու:
Այցից առաջ կրթահամալիրի տնօրենը պատմում է՝ 2800 քառակուսի մետր տարածքում դասերը և՛ ֆրանսիական խորացված թեքումով են լինելու, հետո ֆրանսիական բուհեր ընդունվելու համար: Դպրոցում դեռ ցուրտ է, բայց արդեն գարնանը կունենան մանկապարտեզ, ճաշարան, մարզասրահ: Մինչև Ֆրանսիայի արտգործնախարարության այցը ներկայացնում է մըսյո Շեկիրը:
Ադել Շեկիր, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի տնօրեն - Այստեղ կունենանք նաև վերելակ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար, նրանց համար նաև կրթահամալիրի մուտքը կհարմարեցվի: Հիմա դեռ Նար-Դոսում ենք, հարմարությունները շատ չեն:
Հայերից բացի 14 ազգից երեխաները միասին հավաքվել են մեկ հարկի տակ: Ազնավուրի հետքերով՝ Հայաստան են հասել նաև ֆրանսիացի ու իսպանացի ուսուցիչները:
Էլեն Մաթեո, Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի իսպաներենի ուսուցչուհի - Դասերն անցկացնում ենք մուլտիմեդիայի բոլոր բաղադրիչներով՝ համացանցով տեսանյութեր են նայում, լսում, քննարկում, կարծում եմ՝ այս ընդարձակ դպրոցում ավելի հարմարավետ կանցնեն դասերը:
Եթիանեթ Պերոտան, Անատոլ Ֆրանսի անվան կրթահամալիրի ֆրանսերենի և փիլիսոփայության ուսուցչուհի - Հիմա մեր դասարանների ձայնային համակարգը շատ վատն է, այստեղ դասերն ավելի լավ կանցնեն:
Ծրագիրն էլ ֆրանսիական դպրոցներին համապատասխան է՝ հաստատված մեր երկրի հետ, որ շատ չտարբերվեն հայկական դպրոցներից:
Ֆրանս-հայկական բարեկամության հետքերով Երևան հասած Ֆրանսիայի պետքարտուղարը բոլոր հարկերով անցնում է՝ հերթով հետաքրքրվում, թե որտեղ ինչ դասարան է լինելու:
Ժան Բատիստ Լըմուան, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար - Շատ տպավորված և հուզված եմ՝ տեսնելով՝ ինչպես է զարգանում ֆրանսիական դպրոցը Հայաստանում, սա շատ խորհրդանշական ծրագիր է, կրթահամալիրին անհատույց օգտագործման շենքը տրամադրելով՝ Հայաստանի կառավարությունը մեծ ներդրում է ունեցել հայ-ֆրանսիական հարաբերություններում:
250 աշակերտի և ապագա մյուս ֆրանկոֆոնների համար այս հասցեում դպրոցի դռները կբացվեն 2021-ի ապրիլին:
Ճեպազրույցում Լըմուանն անդրադարձել է օրերս Բաքու կատարած այցին և պատասխանել՝ արդյոք քննարկվե՞լ են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցերը:
Ժան Բատիստ Լըմուան - Նոյեմբերի 9-ին կնքվել է համաձայնություն և կարևոր է, որ դրա դրույթները պահպանվեն: Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի համար կարևոր է ներկայացնել համանախագահության բարի կամքը և դրսևորելով այն՝ խոսել բոլոր կողմերի հետ, որպեսզի, ի վերջո, հաշտեցում տեղի ունենա:
Հասկանում է՝ գերեվարված զինծառայողների ընտանիքների մտահոգությունը, հավատացնում՝ ռազմագերիների հարցը հնարավոր բոլոր խողովակներով քննարկում են: