44-օրյա պատերազմում Խաչիկ Իսունցը աջ, կամավոր հայրը` ձախ ոտքը կորցրեց: Գորիսից են, ապրում են Ստեփանակերտում: Դասակի հրամանատարը Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ պաշտպանում էր հարավարևելյան ուղղությունը:
Խաչիկ Իսունց (44-օրյա պատերազմի մասնակից) - Սա ժամանակավոր պրոթեզ է, էնքան հարմար է, որ կարելի է ասել` վազում եմ: Փետրվարին արդեն իմ իսկական ոտքը տալու են, ավելի ազատ ու հարմար կզգամ:
Հաստատակամ է՝ չի ցանկանում զորացրվել: Երևանում գործն ավարտի՝ կմեկնի Արցախ և շարք կվերադառնա:
Ոտքը, ձեռքը պատերազմում կորցրած վիրավորներին պետությունը պրոթեզները կտրամադրի նրանց անհատական կարիքը գնահատելուց հետո: Միջազգային փորձագետների հետ նախարարությունը սկսում է կարիքի գնահատման գործընթացը: Մշակվել է հատուկ ընթացակարգ:
Հայկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական) - Դա նշանակում է, որ անձին պետք է գնահատել ոչ թե, թե ինչ պրոթեզներ կան Հայաստանում, ինչ պրոթեզներ են տրվել վերջին 20 տարում, այլ այս պահին պետք է գնահատվի անձի կարիքը, հաշվի առնվի նրա ակտիվության աստիճանը:
Աջակցող միջոցն ամբողջությամբ չի կարող փոխարինել ձեռքին կամ ոտքին, բայց պետք է ապահովի մարդու կյանքի որակը, օգնի անել այն, ինչ կաներ սովորական կենսագործունեության ընթացքում:
Հայկ Մկրտչյան - Պրոթեզների տեսակները առանձնահատուկ են, ընտրությունը կախված է մարդու բնույթից: Ինչ է աշխատելու, ծանրություն է բարձրացնելու, աստիճանները շատ է բարձրանալու, թե քիչ, վտանգավոր աշխատանք, սպորտսմեն է, ըստ այդմ կորոշվի պրոթեզը, ֆինանսավորումը: Չկա լավ ու վատ պրոթեզ, կա կյանքի որակն ապահովող պրոթեզ:
Սա կարելի է համարել նաև պիլոտային ծրագիր: Նպատակը ոչ միայն Ֆունկցիոնալ պրոթեզների տրամադրումն է, այլև նոր համակարգի ներդրումը:
Հայկ Մկրտչյան - Հստակ դրվում է համակարգ կարիքների գնահատման, համապատասխան ծառայության մատուցման, այո, սկսվում է թիրախային խմբի պրոթեզավորումից:
Հոսպիտալներ այցն ամփոփել են, նախարարության մասնագետներն այժմ պատրաստվում են անձի ցանկության դեպքում այցելել տուն կամ աշխատանքային միջավայր՝ ստուգելու, գնահատելու ակտիվությունը, պարզելու՝ լրացուցիչ ինչ ծառայության կարիք ունի վիրավորը: