Մեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ. վարչապետն ընդունել է «Ի գործ» ծրագրի մասնակիցներին: Կառավարությունը մասնակցության մոտ 800 դիմում է ստացել, այս տարի մասնակիցների թիվը 49-ն է, ծրագիրը՝ մեկամյա: Սփյուռքահայ մասնագետները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից, նրանք աշխատանքի են անցել 19 պետական կառույցում:
Տաթևիկի նպատակը տասը տարի առաջ, հիմա էլ նույնն է՝ ներգաղթը գերազանցի արտագաղթին: Ռեբենսբուրգի իրավաբանական համալսարանն ավարտելուց, տեղի միգրացիոն ծառայությունում աշխատելուց հետո, հիմա Հայաստանում է՝ աշխատանքի է անցել Հայաստանի միգրացիոն ծառայությունում: Եկել է գերմանական միգրացիոն իրավունքի փաթեթով, որպեսզի նպաստի մեր հայրենակիցների առավել հեշտ վերադարձին:
Տաթևիկ Գևորգյան, Գերմանիա - Կազմում եմ փաստաթուղթ, որտեղ ներկայացնում եմ գերմանական միգրացիոն ծառայության իրավաբանական կոնտեքստը, որից Հայաստանի համար կքաղենք շատ-շատ կետեր:
Սաթենիկն ու արտերկրի առաջատար համալսարանների ևս 48 շրջանավարտ մեր հայրենակիցները Հայաստանում են՝ «Ի գործ» ծրագրով:
Զարեհ Սինանյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար - Մոտ տասը մասնակիցներ որոշել են մնալ և հաստատվել Հայաստանում: Այստեղ գտնվող մասնակիցներից շատերը Հայաստանում են իրենց ոչ ազգությամբ հայ ամուսինների կամ կանանց հետ, ընտանիքներով են եկել, մարդիկ շատ լուրջ են մոտենում այս ամենին:
Խնդիրը ոչ այդքան աշխատանքն է, այլ հայրենադարձությունը՝ գալ և իրենց մասնագիտությամբ ծառայել Հայաստանին: Բիզնես ոլորտի մասնագետ Սահակը ծրագրի մասին իմանալով՝ երկու օրում Կանադայից Երևան եկավ՝ բիզնես միջավայրի զարգացման իր տեսլականով: Աշխատում է վարչապետի աշխատակազմում, ներգրավված է Հայաստանի զարգացման ծրագրում; Զուգահեռ՝ երկու նախագիծ է իրականացնում. ինչպես զարգացնել թվայնացման ոլորտը և ինչպես կառավարության աշխատանքը դարձնել առավել ճկուն:
Սահակ Մահրեջյան, Կանադա - Հավատում եմ դրան, միշտ մտածում էի՝ ինչո՞ւ մյուս երկրների նման մենք էլ չունենանք երկարատև ռազմավարության նախագծեր: Մեծ պատիվ է լինել այս նախագծում:
«Ի գործ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը վարչապետը կարևոր համարեց մարտահրավերների լուծումը ազգային ներուժի համախմբմամբ: Խոսելով ծրագրի նպատակներից՝ երկրի ղեկավարը նշեց, որ այն նպատակ ունի Սփյուռքի երիտասարդ մասնագետներին ներգրավվել Հայաստանի պետական կառավարման համակարգում:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Եվ հիմա՝ այս թեման և գաղափարը, որն ի սկզբանե դրված էր ծրագրի հիմքում, ավելի հրատապ և ավելի սուր է դառնում, որովհետև այն մարտահրավերները, որոնք կան երկրի առաջ, իհարկե, մեր ազգային ինտելեկտուալ և, ընդհանրապես, ներուժի համախմբման միջոցով է հնարավոր լուծել: Բայց մենք նման ձևակերպումներ անելիս և բանաձևեր կազմելիս պետք է շատ կոնկրետ ձևակերպենք, թե ինչ նկատի ունենք և, ընդհանրապես, այս հարաբերություններում ինչն է, որ պետք է փոխենք և ինչպես է, որ պետք է փոխենք: Բայց դա ավելի երկար խոսակցություն է: Ես հիմա կուզեի նաև լսել ձեզ, մասնավորապես, պարոն Սինանյան, Ձեր կարծիքը ծրագրի ընթացքի վերաբերյալ: Եվ նաև մտքեր փոխանակենք, թե ինչ տպավորություններ ունեն մասնակիցները և կառավարության ներկայացուցիչները ծրագրի, նրա հետագայի, շարունակականության և արտահայտման ձևերի մասին:
Ծրագրին մասնակցելու համար շուրջ 800 դիմում է ստացվել: Վարչապետն ընդգծել է՝ այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի համազգային հավաքական ջանքերն ի մի բերել ու մեկտեղել մայր հայրենիքի զարգացման գործում, որպեսզի, բացի հոգևոր ամուր հիմնարար կապից, Սփյուռքը հայրենիքի հետ կապվածության նաև այլ հարթակներ ունենա: