ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վազգեն Մանուկյանի՝ երեկ արած հայտարարությանը ապստամբություն անելու վերաբերյալ:
«Ինչո՞ւ է վտանգավոր Վազգեն Մանուկյանի՝ ապստամբության մասին հայտարարությունը։ Որովհետև ապստամբությունը լինում է զինված, չզինված ապստամբություն չի լինում: Չզինվածը լինում է խաղաղ անհնազանդություն: Ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում:
Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կախված է ոչ թե երևույթից և դրա հանդեպ սկզբունքային գնահատականից, այլ իրավիճակից՝ նպատակն արդարացնում է միջոցները տրամաբանությամբ: Զինված ապստամբությունը չի լուծում որևէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի:
Այդպիսի գործողությունն ու զարգացումը կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարևոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ և թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը»,- ասված է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: