Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը պետք է անցնի մեկ միլիարդ դոլարի շեմը՝ համոզված է էկոնոմիկայի նախարարը:
Վահան Քերոբյան, ՀՀ էկոնոմիկայի նախարար - Փոխադարձ առևտրային շրջանառությունը գտնվում է ընդամենը 400 միլիոն տարեկան առևտրաշրջանառության վրա, որը կարելի է ասել՝ կաթիլ է ծովի մեջ:
Իրան այցից հետո նախարարը վստահ է, նման հզոր երկրի հետ հարևանությունն արդյունավետ չի իրացվում: Կարելի է ավելացնել և՛ առևտուրը, և՛ ներդրումների ծավալը՝ վստահ է Վահան Քերոբյանը: Հայաստանն Իրանին պետք է առաջարկի իր տարանցիկ առավելությունները: Սննդի, նավթաքիմիական, շինարարական արտադրանքի ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում է չօգտագործված ներուժը: Առևտրաարդյունաբերական պալատների անդամներն ու նախարարները պայմանավորվել են գործակցել նաև միասնական բիզնեսներով:
Վահան Քերոբյան - Օրինակ՝ հայ բիզնեսմենները բավական լավ կապեր ունեն ԵԱՏ երկրների գործընկերների հետ, և իրանական ընկերությունները կարող են օգտագործել այդ կապերը, իրենց ապրանքը հասանելի դարձնեն ռուսական շուկայում: Ներմուծեն իրանական ապրանքը Հայաստան և սփռեն ԵԱՏՄ շուկայում:
Առաջիկայում մանրակրկիտ կքննարկվի իրանական արդյունաբերական համալիրի ստեղծման գաղափարը: Սա հնարավորություն կտա իրանցի գործարարներին արտադրությունների մի մասը տեղափոխել Հայաստան:
Վահան Քերոբյան - Արդյունքում՝ կունենանք հայկական ծագման ապրանքներ, որոնք կկարողանան վաճառել աշխարհում՝ առանց սահմանափակումների:
Հայաստան-Իրան հարաբերություններում չլուծված է համարվում բեռնափոխադրումների հարցը: Հայկական բեռները 50 կիլոմետրից ավելի չեն կարողանում խորանալ Իրանի տարծք: Իսկ իրանցի բեռնափոխադրողները Հայասանի տարածքում ճանապարհի համար մեծ վարձեր են վճարում:
Վահան Քերոբյան - Որոշել ենք իրար հետ քննարկելով լուծել այս հարցը, որպեսզի առևտուրը դառնա հնարավորինս ազատ և անկաշկանդ:
Իրանցի գործարարներին հետաքրքրում է նաև Հայաստանի գյուղատնտեսությունը: Պայմանավորվածություն կա մեքենաշինության ոլորտում: Ձգտում են սրանք ևս հասցնել էներգետիկ ոլորտի գործակցության մակարդակին: