Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հունվարի 23-ին, ժամը 10.05 րոպեին: Անհատ ձեռներեցը հայտնում էր, որ առավոտյան 5:30-ի սահմաններում Եղեգնաձորի Պռոշյան փողոցի խանութի մոտ տեղադրված սրճեփ սարքի դռնակը բացել ու գողացել են մետաղադրամի ընդունման սարքը, որի մեջ կար 70 000 մանրադրամ, իսկ ընդհանուր վնասը կազմում էր 160 000 դրամ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվել են անհրաժեշտ անհետաձգելի միջոցներ, տարվել է օպերատիվ աշխատանք, իսկ վերջնական արդյունքի հասնելու համար Եղեգնաձորի ոստիկանները համագործակցել են Վայոց ձորի մարզային վարչության, նաև Սիսիանի, Արարատի ու Արտաշատի գործընկերների հետ:
Նույն օրը, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման են ենթարկվել Սպիտակի բնակիչներ, 32 և 44 տարեկան երկու տղամարդ` մեքենայով հանդերձ: Խոստովանությունը չի ուշացել:
Պարզվել է հետևյալը: Հունվարի 23-ին, գիշերվա ժամը 1-ին, տղամարդիկ հասել են Արարատի մարզի Խոր Վիրապ գյուղ: 32-ամյա սպիտակցին այնտեղ կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայից գողացել է համարանիշները, որոնք ամրացրել են իրենց «Օպելին» և հասել Եղեգնաձոր: Այստեղ գործը գլուխ բերելուց հետո մեկնել են Սիսիան` ճանապարհին գողանալով նաև մեկ այլ «Օպելի» համարանիշերը:
Ըստ նախնական տվյալների` Սիսիանից, դարձյալ գիշերով, սպիտակցիները որոշել են վերադառնալ, սակայն Եղեգնաձորի քրեական հետախույզներն արդեն հիմնական գործն արել էին, մնում էր միայն նրանց բռնելը:
Կազմակերպվել է դարանակալում, իսկ երբ գիշերվա ժամը 3-ի սահմաններում սպասված մեքենան հայտնվել է, սկսվել է հետապնդումը: Փախուստի ընթացքում սպիտակցիները մեքենայից դեն են նետել տարբեր իրեր` համարանիշեր, մետաղադրամ ընդունող սարք, դիմակներ, լինգ: Նրանց ընդառաջ էին գալիս ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների օպերատիվ խմբերը: Օղակը փակվել է Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում. հետապնդումն ավարտվել է տղամարդկանց բռնվելով։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ սպիտակցի տղամարդիկ նախկինում գողություն են արել նաև ոստիկանության Գուգարքի բաժնի սպասարկած տարածքում, իսկ նախորդ օրը Եղեգնաձորի ավտոլվացման երկու կետում կոտրել են մետաղադրամ ընդունող ևս երկու սարք, որոնք, սակայն, դատարկ էին: Բերման ենթարկվածներից մեկը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: