Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Լևոն Սարգսյանի փաստաբանները միջնորդել էին իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ գրավի չափը որոշելը թողել էին դատարանի հայեցողությանը:
Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ:
Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: