Իրանն ու Հայաստանն ունեն ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Վարչապետը հարևան երկրի արտգործնախարարի հետ հանդիպմանն ընդգծում է՝ բացի մարտահրավերներից կան նաև հնարավորություններ, իսկ համատեղ ջանքերով ու համապատասխան միջավայրի դեպքում հնարավոր է կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել: Դեռևս չլուծված են մնում Արցախի կարգավիճակի, գերիների վերադարձի հարցերը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմի ընկալումն է՝ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում են: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում:
Ջավադ Զարիֆը համոզված է, որ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիներն ապաշրջափակելով՝ իրացման ծավալները կավելանան: Բացի առևտրաշրջանառությունից, Իրանն ու Հայաստանը պահպանելու են նաև ջերմ հարաբերությունները:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ արտաքին գործերի նախարար - Հայաստանը մեր լավ հարևանն է: Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության նկատմամբ, որ դուք դիմեցիք այդ քայլին՝ հանուն խաղաղության: Հակամարտության հենց առաջին օրվանից և՛ ձեր, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ կապի մեջ ենք եղել և ուզում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով գործակցության հեռանկարներ:
Հայաստանի արտգործնախարարի հետ Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է առավոտյան: Սկզբում՝ առանձին ձևաչափով, հետո՝ ընդլայնված կազմով: Արա Այվազյանը նշում է՝ այժմ տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում:
Արա Այվազյան, ՀՀ արտաքին գործերի նախարար - Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
Ըստ նախարարի՝ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող են իրական երաշխիք ստեղծել անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար: Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է՝ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ - Իրանը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հետևում, որ բոլոր ժողովուրդների կրոնական իրավունքները միշտ պաշտպանված լինեն; Մենք հայտարարել ենք, որ մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է: Ողջունում ենք Հայաստանի կառավարության այդ համարձակ որոշումը, որը հայացք էր դեպի ապագա: Այդ հակամարտության հետևանքով մենք շատ լուրջ վնասներ կրեցինք:
Արտգործնախարար Ջավադ Զարիֆը հիշեցնում է՝ Իրանն այն երկիրն է, որ պատերազմ է տեսել ու ծանոթ է այն ցավերին ու տանջանքներին, որոնք ժողովուրդը պատերազմի ընթացքում կրում է:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ - Իրանի Ւսլամական Հանրապետությունը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հաղթահարելու համար: Մենք ընդհանուր շատ մտահոգություն ունենք, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում, պատրաստ ենք Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ գործակցությանը:
Իրանը Հայաստանի առևտրային 4-րդ գործընկերն է: Այվազյանն ընդգծում է՝ քաղաքականից բացի պատրաստ են խորացնել նաև առևտրատնտեսական կապերը: