«Ընտրություններից վախենում է ընդդիմությունը, որովհետև վստահեցնում եմ ձեզ՝ որևիցե ընդդիմադիր ուժ ՀՀ ժողովրդի շրջանում չունի նույնիսկ երկնիշ վարկանիշ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հղում անելով սոցիալական հարցումներին:
Նրա խոսքով` քաղաքացիների գերակշիռ մասը բավական անտարբեր է ու հոգնած քաղաքական ուժերից, բացասական է արտահայտվում: «Բայց ընդդիմադիր որևիցե ուժ չի կարող պարծենալ երկնիշ թվով»,- ասել է Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է քաղաքացիական պատերազմի հավանականությանը: «Քաղաքացիական պատերազմի համար քաղաքացիներ են պետք: Ընդդիմությունը քաղաքացիներին ներկայացրեց իր առաջարկը, իր օրակարգը, և այն քաղաքացիներին չբավարարեց: Մենք դա տեսանք: Կարող ենք ֆիքսել, որ իշխանությունը ոչ մի բռնի գործողություն չարեց, որևիցե ձևով չխոչընդոտեց: Ունենալով բոլոր ռեսուրսները, այնուամենայնիվ, առաջարկը, որ ընդդիմությունն արեց քաղաքացուն, անընդունելի եղավ: Ինչ էին առաջարկում՝ շենքեր գրավե՞լ: Ես երկար տարիներ ընդդիմության դաշտում եմ եղել և գիտեմ՝ նման առաջարկները, քաղաքացիներին այդպես շահագրգռելը սխալ է, մարդիկ այդ գործելաոճը չեն ընդունում»,- ասել է նա: