Արսեն Հովակիմյան - Աջ երիկամս, լեղապարկս, ստամոքսի 1/3-ը, հաստ աղիից, բարակ աղիից ու տասներկումատնյա աղիից հեռացված է, լյարդս կարված է:
Չնայած դրան՝ Արսեն Հովակիմյանին ոչինչ չի խանգարում ապրել լիարժեք կյանքով՝ աշխատել, սպորտով զբաղվել, կրթություն ստանալ: Վիրավորվել է 2017-ի օգոստոսին: Փորձում էր խրամատում ինժեներական աշխատանքներ կատարել՝ հակառակորդի շարժը վերահսկելու համար, բայց թշնամու դիպուկահարի թիրախը դարձավ:
Արսեն Հովակիմյան - Երբ բարձրացա խրամատից, ինչ-որ չափով երևացի, հակառակորդի դիպուկահար կար, ու դեռ երկու վայրկյան անց առաջին կրակոցը եղավ: Երբ ընկա, էլի կրակոցներ եղան:
Հրազենային 7 վիրավորում է ստացել. 5-ը՝ ոտքերի, 2-ը՝ որովայնի հատվածում:
Արսեն Հովակիմյան - Ընդհանուր 7 վիրահատություն եմ տարել, որից 4-ը կամ նույնիսկ 5-ը կյանքը փրկելու համար էին, իսկ մնացածն արդեն՝ հետագա կյանքի որակը բարելավելու համար:
Բարդ շրջանը հաղթահարել է իր ու շրջապատող մարդկանց լավատեսության շնորհիվ: Այսօր էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին խորհուրդ է տալիս լավատես լինել:
Արսեն Հովակիմյան - Ինքս էլ հասկացա, որ կյանքը չի ավարտվում, երբ դու ունենում ես ինչ-որ առողջական խնդիր, կորցրած վերջույթ, կամ, որ ավելի ցավալի է, կորցնում ես ընկերներ: Կյանքը շարունակվում է. դա պայքար է՝ ապացուցելու, որ դու ուժեղ ես:
Ծառայությունից առաջ ընդունվել էր պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորող դառնալու նպատակով: Հիմա չորրորդ կուրսում է, ուսմանը զուգահեռ՝ աշխատում է բեռնափոխադրումներ իրականացնող ամերիկյան ընկերությունում: Իրեն սահմանափակել չի ցանկանում, բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ ուժերը դեռ կփորձի: Վիրավորում ստացած այն երիտասարդներից է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տրամադրած փոխհատուցումն ուսման ու ապագայի ծրագրերի համար է ծախսում:
Արսեն Հովակիմյան - Պահ է գալիս, որ դու չես աշխատում, գումարը քեզ օգնում է կյանքի բնականոն հունը ճիշտ ապահովելու համար, կենցաղային, առօրյա ծախսեր և այլն: Բայց հիմնականում աշխատում եմ գումարն ուղղել ինքնազարգացման հետ կապված որևէ դասընթացի: Օրինակ՝ բիզնես դասընթացներ:
Մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս իրենց առողջությունը զոհած երիտասարդները տրամադրված փոխհատուցմամբ մեկ այլ հաղթանակ կարող են կերտել՝ ասում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը՝ ցույց տալով Արսենի օրինակը:
Վարուժան Ավետիքյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն) - Արսենը հաղթել է իրականում: Երբ դու ներդնում ես կրթությանդ մեջ, բիզնեսի, ապագայի, կապիտալի կուտակման մեջ, դու հաղթում ես:
Յուրաքանչյուր ընտանիքում ֆինանսական դրությունը տարբեր է, հիմնադրամի իրավասությունը չէ շահառուներին ասել՝ ինչպես տնօրինել գումարը, բայց միշտ պատրաստ են՝ Կենտրոնական բանկի սպառողների կրթման ու շահերի պաշտպանության ստորաբաժանման հետ, ֆինանսական խորհրդատվություն տրամադրել:
Վարուժան Ավետիքյան - Հիմնադրամի կողմից տրվող փոխհատուցումը չեն ապահովում մարդկանց հարստանալը, բայց ապահովում են գոնե Հայաստանի պայմաններում միջին, արժանապատիվ ապագա, արժանապատիվ կյանք վարելու հնարավորությունը:
Որ շահառուների ֆինանսական գիտելիքները համալրվեն՝ հիմնադրամը հաջորդ տարի նախատեսում է նրանց նմանատիպ կրթություն տրամադրել՝ բացատրելու ներդրումների շահավետությունը գյուղատնտեսության, բնակարանաշինության, ուսման ու կրթության մեջ: Դրան զուգահեռ՝ հիմնադրամը շարունակում է փոխհատուցումների տրամադրումը զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: