Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Խիթարյանի ընտրության արդյունքները:
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
2021 թվականի հունվարի 11-ին տեղի էր ունեցել ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Խորհրդի 23 անդամից 15-ը քվեարկել էին Դավիթ Խիթարյանի, 8-ը՝ Գագիկ Սարգսյանի օգտին: Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունել էր Դավիթ Խիթարյանին ռեկտոր ընտրելու մասին որոշում: