Իտալական տեխնիկան հնդկական թելով հայկական գուլպա է գործում՝ հատը միջինում 3 րոպե արագությամբ: Ծրագրավորումից կախված՝ նույն սարքը կարող է արտադրել տղամարդու, կանացի ու մանկական գուլպաներ: Երկար, կարճ-սպորտային, ձմեռային ու ամառային տեսականի:
Ըստ արտադրամասի տնօրենի՝ թուրքական ապրանքի ներմուծման արգելքն իրենց օգտին է: Ընդամենը 4 ամիս է, ինչ աշխատում են, բայց վաճառքի ծավալներն արդեն աճել են:
Միայն տեղական շուկայով բավարարվել՝ նորաբաց այս ընկերությունում չեն պատրաստվում: 1 մլն դոլարից ավելի ներդրումով՝ արտադրական բարձր հզորություն ու որակ են ապահովում: Ապրանքն առաջիկայում միանշանակ կարտահանեն՝ վստահեցնում են «Գուլպայում»:
Գուլպայի արտադրությունը համարձակ սկսել են՝ «Շապիկի» հաջողության ֆոնին՝ պատմում է բրենդի հիմնադիրը: 5 տարի առաջ դրանով սկսեցին տեքստիլի բիզնեսն ու հասկացան՝ շուկայում մեծ պահանջարկ կա տեղական, որակյալ, նաև՝ էթնիկ թեմատիկայով արտադրանքի: Տարին նոր սկսած՝ նոր պատվերներ ունեն:
Մերի Սուքիասյան («Շապիկ» ընկերության հիմնադիր) - Համագործակցության արդեն 4 առաջարկ ունեմ, հիմնականում Սփյուռքի մեր հայրենակիցները ԱՄՆ-ում ուզում են իրենց օնլայն խանութները բացել:
ԱՄՆ-ից Եվրոպա՝ շապիկների թիրախ շուկան է, Ռուսաստանի խոշոր ցանցերը՝ գուլպաների. արդեն սերտիֆիկացման փուլ են սկսել: Դժվարը, թերևս, հայաստանյան բոլոր արտադրողների նման, իրենց դեպքում էլ հումքն է: «Ոչ թուրքականին» հարցը լուծելու համար ընտրել են լեհական, եգիպտական, ռուսական տարբերակը, սպասում են Իրանի առաջարկին:
Ցիկլը ընդհանուր փակելու համար մեզ անհրաժեշտ կլինի տեղական արտադրության կտոր: Այդ դեպքում արդեն մրցել չի լինի մեզ հետ, Հայաստանի հետ, շատ մեծ պատվերներ կունենանք:
Հիմա, օրինակ, կտորի մի խմբաքանակ մնացել է Լարսում: Լավ է գոնե՝ դրա պատվերն ուշ են ձևելու: Վարպետներն այժմ անթև բաճկոն են կարում: «Կարկատան» ապրանքանիշով է՝ միայն ներքին շուկայի համար, բայց պարտադիր՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով: