Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցկացրած համապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողների թվում կան նոր հեռուստաընկերություններ: Հանձնաժողովի նախագահը հայտնում է՝ լիցենզիա ստանալուց հետո՝ որպես նոր հեռարձակողներ, նրանք ունեն վեց ամիս ժամանակ եթեր մտնելու համար, բայց երկուսն արդեն նախատեսել են մայիսի մեկից եթերում լինել: Խոսքը «Արփի մեդիա» ու «Ֆրի նյուզ» ընկերությունների մասին է:
Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ) - Օրինակ՝ Արագածոտնի մարզում, որտեղ շահեց «Դելտա» ընկերությունը, ի միջի այլոց, Գյումրիից, արդեն մտել է եթեր: Արագածոտնի մարզն արդեն 4 տարի զրկված էր եթերից, չուներ տեղական հեռուստաընկերություն: Ուրախ ենք, որ մրցույթի արդյունքում Տավուշը մի քանի ամիս առաջ արդեն ունեցավ, ունեցավ եթեր Արագածոտնը, և ունեցավ իր մարզային հեռուստաընկերությունը Արմավիրի մարզը, որն արդեն կես տարի է՝ եթերազրկված էր:
Տիգրան Հակոբյանը տեղեկացնում է՝ նոր օրենքում կա նորմ, որ այն երկիրը, որը ցանկանում է հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում պետք է դիմի ՀՀ կառավարությանը և փոխադարձ համաձայնության գալու դեպքում կարող է կնքվել միջպետական, միջկառավարական, միջազգային պայմանագիր: Հենց այդ սկզբունքով էլ դեկտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսատանի միջև կնքվեց զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է համապետական ծածկույթ, երկուսը՝ մայրաքաղաղաքային սփռման արտոնագիր:
Տիգրան Հակոբյան - Եթե նախկինում նրանք վերահեռարձակվում էին, և հանձնաժողովը չուներ որևէ լծակ իրենց բովանդակության վրա ազդելու, ապա այս պայմանագրով մենք փոխադարձ հնարավորություն ունենք վերահսկել իրենց հաղորդումները: Ռուսական կողմը, այդ հեռուստաալիքները, ըստ այդ համաձայնագրի պարտավորություններ են վերցրել, որոնցից մի քանիսը, օրինակ, հարգել մեր պետական ազգային տոները և տարելիցները:
Եթե նախկինում ռուսաստանյան ալիքները Հայաստանում հեռարձակվում էին, իսկ հայկականները Ռուսաստանում՝ ոչ, Միջկառավարական համաձայնագրով հանրային մեր հեռարձակողը Ռուսաստանում ստանում է ունիվերսալ լիցենզիա, արտոնագիր, որով կկարողանա առանց հավելյալ պայմանների հեռարձակվել տարբեր հարթակներում:
Տիգրան Հակոբյան - Ռուսաստանի երեք ալիքից երկուսը ВГТРК-ի իրենց պետական հեռուստաընկերության երկու ծրագրերն են՝ «Ռոսիա պլանետան» և «Կուլտուրան»:
Նոր օրենքի համաձայն՝ հեռարձակման լիցենզիա ստացած ընկերությունների գործունեության ժամկետը 7 տարի է՝ նախորդ 10-ի փոխարեն: Հակոբյանը հավաստիացնում է՝ նոր մրցույթը կայացել է ըստ նոր օրենքի, որտեղ չափորոշիչներն ավելի հստակ են և նվազեցնում են հանձնաժողովի անդամների սուբյեկտիվությունը:
Տիգրան Հակոբյան - Արդեն տասը օր է անցել, և մրցույթից հետո ազդակները, ուղերձները, հասարակությունից, քաղաքական ուժերից ևս կարող է ապացույցը լինել, որ մենք անցկացրել ենք առավելագույնս թափանցիկ և արդար (եթե այդ բնութագրումը կարելի է այստեղ օգտագործել) մրցույթ, որի արդյունքում լիցենզիա են ստացել առավելագույնս մրցունակ, նախորդ տասը տարվա մեջ իրենց գործողությունները ճիշտ կատարած և լավ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները:
Օրինակ՝ Ա1+ և Հ2 հեռուստաընկերությունները համապետական ծածկույթի հնգյակում չեն հայտվել: ՀՌՀ նախագահը հայտնում է՝ այդ հեռուստաալիքները, հնարավորություն ունենալով մասնակցել նաև մայրաքաղաքային սլոթերի բախշմանը, հրաժարվել են երկրորդ հայտով նշել մայրաքաղաքային ծածկույթը, այնինչ հավաքել էին բավարար գնահատականներ, որով կարող էին այսօր հեռարձակվել մայրաքաղաքային սլոթում:
Տիգրան Հակոբյանը հայտնում է՝ որոշումներն ընդունված են, և հեռուստաընկերությունները երկու ամիս ժամանակ ունեն բողոքարկելու այն: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը նաև հիշեցրեց՝ նոր օրենքով հեռուստաընկերությունները շաբաթական կտրվածքով իրենց եթերի մոտ 20 տոկոսը պետք է հատկացնեն ուսումնական, մշակութային, մանկական ու սպորտային ծրագրերին: Հակոբյանը համոզված է՝ նման գործիքակազմի միջոցով առաջիկայում եթերում կունենանք շատ ավելի լավ բովանդակություն: