ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ելույթ է ունեցել Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը:
«Այսօր մենք քննարկելու ենք տարբեր անդամ պետություններում հասարակական կազմակերպությունների դեմ արշավի մասին։ Ըստ էության, մենք խոսում ենք քաղաքացիական հասարակության կրճատման մասին։ Հաստատապես կարող ենք պնդել, որ այն երկրները, որտեղ այս իրավունքները կրճատվում են, այնտեղ ավելի քիչ են իրականացվում ՄԻԵԴ որոշումները, ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, ագրեսիվ հռետորաբանությունը և այլատյացության քաղաքականությունը շարունակվում է։
Այս համատեքստում պետք է նշեմ, որ այլ կարևոր պետական կառույցների հետ մեկտեղ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և անկախ լրատվամիջոցներն են շատ անգամ հարցեր բարձացնում, երբ պետությունները լռում են այս կամ այն հաշվարկով։ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական 44 օրյա պատերազմի և դրա դաժանությունների մասին տարբեր միջազգային ՀԿ-ների և անկախ լրատվամիջոցների տարբեր գնահատականներ են տրվել, շատ անգամ տրվել են փաստական տվյալներ, որոնք պետությունները հետագայում, եթե ամեն ինչ ճիշտ է, պետք է քննարկեին հենց այս դահլիճում։ Խոսվել է այն վայրագությունների մասին, որ այս տանդեմը նախաձեռնել է, փաստագրվել է ֆոսֆորային զենքի օգտագործումը, որը բոլոր կոնվենցիաներով արգելված է, խոսվել է վարձկան-ահաբեկիչների մասին, սակայն այս բոլոր գնահատականները բախվում են տարբեր շահերի հանրագումարային չեզոքությանն ու անտարբերությանը։
Այս դահլիճում բոլոր քննարկվող թեմաները գուցե կարևոր են, սակայն ոչ մեկը չուներ այն հրատապությունը, որն իրերի բնականոն բերումով՝ անդամ պետությունների վայրագության մասին պետք է լիներ այստեղ, մենք պետք քննարկենք հենց մարդասիրական հարցեր՝ դրանցից առաջնայինը դարձնելով ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին։
Հստակ է մի բան, որ բոլոր այն երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակությունը չի կայանում, ժողովրդավարության խնդիրները շատ են, լռությունը և անտարբերությունը կեղծ չեզոքության ներքո՝ անտանելի։
Այս կառույցն ունի ամրագրված և ինստիտուցիոնալ համագործակցություն քաղհասարակության հետ, սակայն շահերի բերումով տարբեր կազմակերպություններ տարբեր հարցեր են բարձացնում, որոնք գուցե կարևոր են, բայց հրատապ չեն։ Սակայն պարզ է դառնում մեկ բան, որ երբ մարդկանց ազատ և արժանապատիվ իրավունքները խախտվում են և չեն դատապարտվում, այն հաստատապես բերելու է այլս անձանց իրավունքների և արժանապատվության ոտնահարմանը։ Սա է այն պարագան, որի նկատմամբ ևս մեկ անգամ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որպեսզի ևս մեկ անգամ ձեր խորհրդարաններին և մայրաքաղաքներին փոխացնեք, որ անտարբերության սերմերից երբեք որևէ լավ բան դուրս չի գալու»,- ասել է Սոս Ավետիսյանը։