Եթե անհրաժեշտություն լինի, Վազգեն Մանուկյանը կհրավիրվի ոստիկանություն՝ հայտարարել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ապստամբությամբ իշխանափոխություն իրականացնելու, շենքեր գրավելու և «զոռով իշխանություն փոխելու» մասին հայտարարություններին: Նա վստահեցրել է, որ ոստիկանությունն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարում է:
«Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ սահմանում է, թե իրենցից ինչ են ներկայացնում համապատասխան գործողությունները, և դրանց քրեաիրավական գնահատական տալու համար միանշանակ հիմքեր են անհրաժեշտ: Եթե մենք ունենանք նման ռիսկեր, իսկ ռիսկերն իրենցից հիմք են ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասել է Ֆիդանյանը:
ՀՀ փոխոստիկանապետը նաև վստահեցրել է, որ ոստիկանությունը մշտապես ապահովում է թե՛ հասարակության, թե՛ կարևորագույն օբյեկտների անվտանգությունը: