Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով՝ հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառ: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Տիգրան Մանսուրյան
Այսօր մեծանուն վարպետ, ճանաչված կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է՝ 82-ամյակը: Մանսուրյանը գեղարվեստական նոր հիմքի վրա է վերածնել կոմիտասյան սկզբունքները:
Մանսուրյանն ստեղծագործել է տարբեր ժանրերում: Գրել է սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտա», «Պրելյուդներ», «Գիշերային երաժշտություն», «Ինտերիեր» լարային կվարտետը, կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի, ալտի և լարային նվագախմբի, Կրկնակի կոնցերտ՝ ջութակի, թավջութակի, լարային նվագախմբի համար, «Երեք արիա` երգելու Արարատին բաց պատուհանից» (ալտի և մեծ նվագախմբի համար), «Ո՞ւր է Աբել եղբայր քո» (թավջութակի և մեծ նվագախմբի համար):
Անվանի կոմպոզիտորը մի շարք սիմֆոնիկ երկերի հեղինակ է: Հեղինակել է վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով», «4 հայրեն Նահապետ Քուչակից», «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի), «Երկիր Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի), «Գարնան երգեր» և այլն: Մանսուրյանը յուրօրինակ մեղեդայնությամբ գրել է երաժշտություն նաև կինոյի համար, օրինակ՝ «Նռան գույնը» (1968 թ.), «Կտոր մը երկինք» (1980 թ.), «Հին օրերի երգը» (1982 թ.), «Կորիոլան» (1982 թ.), «Մեր մանկության տանգոն» (1984 թ.), «Ճերմակ անուրջներ» (1984 թ.) և այլն:
Մանսուրյանի ստեղծագործությունները հնչել ու հնչում են ամբողջ աշխարհում. դրանք կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: