Լիբանանի բանակի զինծառայողները, ոստիկանության աշխատակիցների հետ, կասեցրել են անկարգությունները երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում: Դրանք սկսվել էին արտակարգ դրության շրջանակում իշխանությունների կողմից կարանտինային սահմանափակումներ հաստատելու պատճառով՝ հաղորդում է euronews-ը:
Քաղաքի կենտրոնում բողոքի ցույցը վերածվել է ցուցարարների և ոստիկանության հատուկջոկատայինների միջև բախումների: Իրավապահները ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազի նռնակներով են ցրել իրենց ուղղությամբ քարեր նետող ցուցարարներին:
Լիբանանի ամենաաղքատ քաղաքներից մեկում՝ Տրիպոլիում, բնակչությունը դժգոհ է սահմանափակող միջոցներից, որոնք պայմանավորված են կորոնավիրուսային վարակվածության աճով: Հունվարի 14-ից գործող պարետային ժամը՝ ֆինանսական անկման ֆոնին, սնանկացումով է սպառնում փոքր և միջին ձեռնարկություններին: Լիբանանում արտակարգ սանիտարական դրությունը երկարաձգվել է մինչև փետրվարի 8-ը: