Հայաստանի եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» սկսել է նախապատրաստական փուլը առաջնության երկրորդ հատվածին: Թիմը օրական 2 մարզում է անցկացնում Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: Տրանսֆերային շուկայում «Ալաշկերտը» ամենաակտիվներից է. ոչ միայն նոր ֆուտբոլիստներ, այլ նաև՝ նոր գլխավոր մարզիչ: Չնայած Եղիշե Մելիքյանը, մեղմ ասած, չէր ձախողել առաջնության առաջին հատվածը, այնուամենայնիվ հեռացավ, իսկ նրա փոխարեն հարազատ ակումբ կրկին ու կրկին վերադարձավ բազմափորձ Աբրահամ Խաշմանյանը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաաղմկահարույց տրանսֆերներից մեկն իրականացրեց հենց «Ալաշկերտը»: Կարագանդայի «Շախտյորը» լքելուց հետո երևանյան թիմ տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն.
Յուրչենկոյի տրանսֆերը վերջինը չէ՝ վստահեցնում է Սուքիասյանը, իսկ Խաշմանյանը հույս է հայտնում, որ շատ շուտով թիմն ամբողջովին կձևավորվի ու արդեն պարզ կդառնա իրական ներուժը:
Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանն էլ վստահեցնում է, որ մարզչական փոփոխությունը, առնվազն, իր խաղի վրա չի ազդի:
Չնայած որ «Ալաշկերտը» վերջերս հայտարարեց, որ թիմը մրցաշրջանի մնացած հատվածում երկրորդ թիմ չի ունենա, գլխավոր մարզիչը վստահեցնում է, որ դա առաջին թիմին վնաս չի տա: Այս պահին Հայաստանի Պրեմիեր լիգայում եռիշխանություն է: «Ալաշկերտը», «Արարատն» ու «Արարատ-Արմենիան» ունեն 18-ական միավոր: Վերջինս մյուս 2 թիմից մեկ խաղ պակաս է անցկացրել:
Հեղինակ՝ Արմեն Գարամյան