Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։
Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և շեշտել, որ Արդարադատության նախարարությունը ԵԽ երևանյան գրասենյակի բարեփոխումների ծրագրերի հիմնական գործընկերն է։ Եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերջին զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն դատարանների, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քրեական արդարադատության ոլորտում ընթացող միջոցառումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման ծրագրերին և այլն։
Արդարադատության փոխնախարարը վերահաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունները ու նշել, որ, չնայած դժվար ժամանակներին, ՀՀ Կառավարությունը շարունակում է առաջ շարժվել և իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող ղեկավար հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը և համագործակցության հեռանկարները։