Ռազմական դրության ընթացքում տույժ և տուգանք է սահմանվել 13 լրատվամիջոցի նկատմամբ՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին զեկույցում արձանագրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:
Լրատվամիջոցների կամ լրագրողների նկատմամբ 2020 թ. արձանագրվել է 273 խախտում, այդ թվում՝ ֆիզիկական բռնության 6 դեպք:
Տարին մեդիայի համար հարուստ էր դատական գործերով ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների՝ տեղեկացրել է կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Աշոտ Մելիքյան (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ) - Դատական գործերի այս հոսքը կապված է ոչ միայն օրենքի խախտումների հետ: Մեծապես սա պայմանավորված է այն բևեռացմամբ, որը կա մեր լրատվադաշտում:
Շատ հաճախ մի ճամբարի լրատվամիջոցների դեմ մյուս ճամբարի քաղաքական գործիչներն ու ակտիվիստներն են հանդես գալիս, նաև լրատվամիջոցների հրապարակումներում շատ-շատ են ատելության խոսքը, զրպարտությունը, կեղծ լուրերն ու մանիպուլյացիաները: