Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի առցանց ասուլիսի ժամանակ Սևանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի՝ Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանների վերաբերյալ միտքը տարընկալումների տեղիք է տվել։ Այս մասին Ֆեյսբուքի էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Էդգար Առաքելյանը:
«Հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․ լրագրողի հարցին նախարարի հնչեցրած պատասխանը վերաբերվել է ոչ թե նշված գետերի անմիջական ակունքներին, այլև՝ Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների, որտեղ կան տվյալ գետերը սնուցող աղբյուրներ, որոնք Սևանա լիճը սնող ջրահավաք ավազանի վրա որոշակի ազդեցություն կարող են ունենալ։ Բնականաբար, այդ ազդեցությունը շատ չնչին է։
ՀՀ բնապահպանական շրջանակների կողմից բարձրաձայնած մտահոգությունների հիման վրա Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մի շարք գրություններ և ահազանգեր է ուղարկել համապատասխան գերատեսչություններ։
Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։
Հայցում ենք մասնագիտական շրջանակների ըմբռնումը՝ տարընթերցում հարուցելու կապակցությամբ»,- հայտնում է խոսնակը։