Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և մարզի համայնքների ղեկավարներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ մարզպետի օրոք հնարավոր կլինի ապահովել 2018-ից սկսած փոփոխությունների շարունակականությունը մարզում։
Նորանշանակ մարզպետին ներկայացնելիս հրաժարական ներկայացրած նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ներկա չէր։ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախ Պետրոսյանին, ապա Հովհաննես Հարությունյանին՝ շեշտելով, որ դժվարին այս իրավիճակում նա ստանձնում է կարևոր պատասխանատվություն։
Սուրեն Պապիկյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 2020-ը բարդ տարի էր՝ կորոնա, պատերազմ, որը նոր մարտահրավերներ է բերել, և ողնաշարը շտկելու և ոտքի կանգնելու խնդիր ունենք։
Կարևոր է մարզում միասնության, համերաշխության մթնոլորտի ստեղծումը՝ հայտարարեց Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյան - 2020-ի իրադարձությունները պետք է փոփոխություններ մտցնեն ու տարբեր հարցերի նկատմամբ մոտեցումներում։ Շատ գործընկերներ իրենց դրսևորել են արժանվույնս, և պիտի գնահատենք արածը և վաստակը։
Առաջնագիծ գնացած համայնքի ղեկավարներին էլ շնորհակալություն հայտնեց և ասաց, որ 2021 թ. անելիքներն ավելի շատ են։
Սուրեն Պապիկյան - Մեծ անելիքներ կան Գյումրի քաղաքի տեսքի վերակառուցման համար, 2020 բավականին մեծ աշխատանք և 21-ին ետ չմնանք:
Ստանձնելով Շիրակի մարզպետի պարտականությունները՝ Հովհաննես Հարությունյանը խոստացավ ջանք չխնայել հաղթահարելու մարտահրավերները, ասաց, որ համայնքների ղեկավարների և կենտրոնական իշխանության հետ ակտիվ համագործակցությամբ ակնկալում է, որ 2021 թվականը Շիրակի համար կդառնա վերածննդի տարի։
Հովհաննես Հարությունյան (Շիրակի մարզպետ) - Շնորհակալ եմ բարձր վստահության համար՝ դժվարին ժամանակներում տալ հնարավորություն ներդնելու իմ գիտելիքներն ու փորձը հարազատ մարզի զարգացման և 2020 թ. մարտահրավերներից հետո:
2021 թվականին շարունակություն կունենան սուբվենցիոն ծրագրով և վարկային միջոցներով սկսված ճանապարհաշինության աշխատանքները։ Նախարարը վստահեցրեց, որ ֆինանսական խնդիրներ չկան՝ այդ ծրագրերն հաջողությամբ ավարտին հասցնելու համար։
Սուրեն Պապիկյան - 2020 թ. միայն 2,8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, շարունակություն կլինի 21 փողոցների շինարարություն Գյումրի քաղաքում, տեմպը չենք կասեցնելու, տուրիզմի ծրագրով նախաձեռնություն կա Սլաբոդկան վերականգնել, մեծ ծավալի աճ կա:
Շիրակում այսօր ամենացավոտ հարցը պատերազմից հետո գերեվարված շիրակցիների հարցն է։
Սուրեն Պապիկյան - Անձամբ ես ցանկանում եմ հարազատների հետ որոշակի մանրամասներ եմ ճշտել և մարդկանց ներկայացնել: Մի բան հստակ է, որ վերջին տեղեկությունները, մեր 62 եղբայրների այնտեղ լինելը հաստատված է:
Ամեն օր աշխատանք է տարվում ամենաբարձր մակարդակով, այնպես որ, այս հարցում տեղաշարժ և փոփոխություն ամեն օր էլ սպասում ենք՝ եզրափակեց Պապիկյանը։