«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Արարատում մի խումբ քաղաքացիների հետ մեկ ժամ տևած դահլիճային հանդիպմանը հայտարարեց՝ եթե իշխանությունը չհեռանա սահմանադրական ճանապարհով, կհեռացնեն ապստամբությամբ:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո փողոցային պայքարով իշխանությանը հեռացնելու մտադրությունը թեև ձախողված չի համարում, սակայն կարծում է՝ ժողովուրդը նաև ապստամբության իրավունք ունի: Հանդիպումից հետո նախկին պաշտոնյայից փորձեցինք ճշտել՝ ինչպես է պատկերացնում նման եղանակով իշխանությանը հեռացնելը:
Վազգեն Մանուկյան («Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու) - Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով հեռացնելը՝ առանց ֆիզիկական բռնության:
Մոտ 15-20 րոպեանոց ելույթում Մանուկյանը թվարկեց պատերազմում պարտվելու պատճառները: Ըստ Մանուկյանի՝ կոռուպցիայի անվան տակ գեներալներ էին ձերբակալում, սխալ զենքեր էին գնվում: Պարզվում է՝ պատերազմի օրերին Մանուկյանը ոչ միայն հայտարարությամբ է կառավարությանը կոչ արել հրաժարական տալ՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, այլ նաև գործնական քայլերի է դիմել: Պատմեց՝ հենց այդ օրերին զանգել է Արցախի գեներալներին, հորդորել իշխանությունը վերցնել և չկատարել Փաշինյանի հրամանները:
Վարչապետի թեկնածուն պատասխանեց նաև դահլիճից հնչած մի քանի հարցերի: Բացառեց արտահերթ ընտրություններին մասնակցությունը, եթե դրանք կազմակերպի գործող իշխանությունը:
Ընդդիմադիր շարժման մարզային հանդիպումներն այս անգամ էլ չանցան առանց միջադեպի:
Մինչև հանդիպումը սկսելը Մանուկյանը ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի արձանին։ Մի խումբ քաղաքացիներ, սակայն, փորձեցին հավաքել ծաղիկները և դեն շպրտել, նշելով՝ Մանուկյանն իրավունք չունի ծաղիկ խոնարհել Սպարապետի հիշատակին: Դա վրդովեցրեց շարժման աջակիցներին:
Շարժման աջակիցներից Մանուկյանին ուղեկցում էին Հանրապետական և Դաշնակցության ներկայացուցիչները: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն այսօր ևս մեկ անգամ անդրադարձավ Շիրակի միջադեպին, երբ իր առջև ճանապարհ փակած քաղաքացիներին վիրավորել էր՝ բոմժ անվանելով: