Պատերազմը բնապահպանական ռիսկեր և աղետի նախադրյալներ ստեղծեց Արցախում՝ հարավային սահմաններին և ՀՀ հարավարևելյան սահմանին, մասնավորապես, Սյունիքի և Վայոց ձորի արևելյան հատվածներում՝ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ:
Պետրոսյանը հիշեցրեց, որ նախարարությունում մինչ պատերազմը նախանշել էին առաջնահերթ անելիքները: Դրանցից էր Սևանի առափնյա տարածքների ապօրինի կառուցապատված շենք-շինությունների ապամոնտաժման հարցը, այդ թվում՝ ջրածածկ, կիսաջրածածկ կանաչ գոտիների, ջրային հատվածներից անտառապատ զանգվածների հեռացման և կենսահումուսի այդ զանգվածից ափամերձ տարածքների մաքրման հարցը:
«2004 թվականից սկսած առաջին անգամ Կառավարության որոշմամբ գործադրվեց արդյունագործական սիգ ձկնատեսակի ձկնորսության պիլոտային ծրագիրը: Աշնանը՝ սեպտեմբերից մինչև ձվադրման շրջանի սկիզբը՝ դեկտեմբերի 1-ը, մեր ձկնորսները պայմանագրերի հիման վրա ստացան շուրջ 265 տոննա օրինական քվոտավորված արդյունագործական ձկնորսության թույլտվություն»,- ասաց Պետրոսյանը:
Պիլոտային ծրագիրը, ըստ նախարարի, ինստիտուցիոնալ առումով կարող են համարել կայացած, և հիմա աշխատում են Կառավարության նոր որոշման նախագծի վրա՝ հավելյալ քվոտաներ, անցյալ տարվանից 30-40 տոննա քվոտավորված, բայց չիրացված ձուկը նաև նոր հայտերով տրամադրելու թույլտվությունն ապահովելու համար: Պետրոսյանը տեղեկացրեց, որ այն կմեկնարկի փետրվարի երկրորդ տասնօրյակում: