ՀՀ Կոտայքի մարզպետը Ֆեյսբուքում հայտնել է, որ շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:
«Գառնի-Լանջազատ ճանապարհը միավորում է Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը՝ Գառնիի տաճարը և Լանջազատ գյուղը՝ անցնելով Ազատի կիրճով, Ազատ ջրամբարի կողքով՝ միավորելով Կոտայքի և Արարատի մարզերը։
Ճանապարհը թույլ կտա շրջանցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը դեպի մայրաքաղաք։
Վերականգնման աշխատանքների արդյունքում կգործի դեպի զբոսաշրջային գրավիչ այցելավայրեր, ինչպես, օրինակ՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ տանող անվտանգ և ժամանակակից կահավորված 18 կմ ճանապարհ։
Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռի զբոսաշրջիկներին խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը՝ ապահովելով անվտանգ և դյուրին տեղաշարժ, քանի որ վերջինս կհանդիսանա սողանքային Ողջաբերդ համայնքի տարածքով անցնող ճանապարհի այլընտրանք։
Ծրագիրն իրականացվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ»,- ասված է հաղորդագրությունում։