Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ օրենսդրական փոփոխություններ են նախատեսում նաև ՇՄԱԳ օրենքի հետ կապված:
«Այդ փորձագիտական ինստիտուտի վերանայման լուրջ կարիք կա, և ինստիտուցիոնալ առումով նաև մենք մտադիր ենք այդ ինստիտուտը վերաձևավորել: Ավելի լայն լիազորությամբ, ավելի գիտակցված, պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն դարձնելու նպատակ ենք հետապնդում»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ նոր օրենքի նախագիծը շուտով պատրաստ կլինի Կառավարության դատին ներկայացնելու համար:
Անտառային օրենսգրքում ևս փոփոխություններ են նախատեսում: Նախարարը նշեց, որ անտառկառավարման հետ կապված նորարար մեթոդների կիրառում են նախատեսում, այդ թվում նաև՝ անտառպահպանության հետ կապված:
Փոփոխություններ են նախատեսում նաև Ջրային օրենսգրքում, որ ավելի խստացվի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը տնտեսվարողներին, օրինակ՝ ձկնաբուծությամբ զբաղվողներին:
Նախարարը նշեց, որ դրա նպատակն այն է, որ ամբողջական ընդգրկումով այնպիսի դաշտ լինի, որով զարտուղի ճանապարհները կբացառվեն: Ընդգծեց՝ հայտերի ընդունման, հայտագրման, փորձաքնննությունների անցկացման գործընթացներում մարդկային գործոնը կնվազեցվի առավելագույնի. հայտերը կընդունվեն օնլայն եղանակով, որպեսզի ստվերային գործարքները բացառվեն: