Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ասուլիսի ընթացքում, անդրադառնալով նախորդ տարում իրականացված աշխատանքներին, հայտնեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվել նաև «Սևան» ազգային պարկում: Եղել են կադրային փոփոխություններ, պահնորդական նոր ստորաբաժանում է ձևավորել՝ 24 հոգանոց: Շուրջօրյա, այդ թվում` առափնյա և վերջրյա հերթապահություն է իրականացվում, որպեսզի կարողանան ձկնագողության և ազգային պարկի տարածքում նաև անտառագողության դեպքերը կանխեն, հսկողություն իրականացնեն:
«Աշխատանքներ են տարվել առափնյա շենք -շինությունների մանրամասն գույքագրման, ցուցակագրման, և մի քանի հարյուր շահառուներ արդեն ստացել են ծանուցումները 1901.5 մետր նիշից ներքև շենք-շինությունների անմիջապես ապամոնտաժման անհրաժեշտության մասին: Իրենց սեփական միջոցներով չապամոնտաժելու պարագայում մենք ծանուցել ենք մեր քաղաքացիներին, որ «Սևան» ազգային պարկը շուտով արդեն սեփական միջոցներով ձեռնամուխ կլինի այդ գործընթացների իրականացմանը»,- ասաց նախարարը:
Պետրոսյանը հայտնեց՝ պետբյուջեով հաստատված շուրջ 208 միլիոն դրամն արդեն երկու տարի է՝ տարեկան տրամադրվում է նախարարությանը, որ Սևանա լճի ափամերձ, ջրածածկ տարածքների մաքրմանն ուղղվի, սակայն անցյալ տարի որոշակի առերևույթ և խախտումների հայտնաբերման փաստերով դադարեցրել են այդ գործիքակազմի գործադրումը:
«Փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում վերջին մի քանի կատարված ակտերի վճարումը միակողմանի դադարեցրել էինք ու փաստաթղթերն ուղարկել դատախազություն: Առերևույթ չարաշահումների ու խախտումների փաստերով քրեական գործ է հարուցվել, և պետբյուջեով նախատեսված այդ գումարները, որոնք պետք է իրացվեին այդ նպատակով, վերադարձվել են պետբյուջե: Այս տարվա պետբյուջեով նույնչափ գումար է նախատեսված»,- ասաց նախարարը՝ նշելով, որ մտադիր են արդեն այդ գումարի վերաբաշխման նախաձեռնությամբ հանդես գալ: Որոշման նախագծի վրա են աշխատում, որպեսզի այդ գումարներն ուղղվեն «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ընդլայնմանը, ոչ թե կապալառուի կամ երրորդ կողմի ներգրավմամբ իրականացվի այդ աշխատանքը:
Նախարարը նաև հայտնեց, որ մինչպատերազմական փուլում շուրջ 3-4 տասնյակ շենք-շինություններ, տաղավարներ ապամոնտաժվել են, և նոր տեխնիկայի ձեռքբերմանը զուգընթաց արդեն գարնանը կվերսկսվի ավելի լայն ծավալով ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը, շինաղբի ու այդ տաղավարների դուրսբերումը առափնյա տարածքներից: