ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ելույթով է հանդես եկել ԵԽԽՎ լիագումար նիստում, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր աշխարհը, ըստ էության, գտնվում է լրջագույն ճգնաժամային իրավիճակում: Այդ ճգնաժամը ոչ միայն փոխադարձ հակամարտությունների, մրցակիցներին շարքից հանելու, նոր կորոնավիրուսի ազդեցության հետևանք է, այլև մի կողմից վայրի լիբերալիզմի, համաշխարհային գլոբալիզմի, ապազգայինի, և մյուս կողմից՝ ազգային ինքնության ու ազգային նկարագրի, ազգային արժեքների և ավանդույթների, ազգային պետության պահպանման միջև բիրտ պայքարն է:
Ինձ համար մեկ բան ակնհայտ է. եթե դու չես կարողանում գնահատել ազգային արժեքները, ընտանեկան արժեքները, լսել նախնիներիդ կանչը, ուրեմն դու մերժում ես այն, ինչից լույս աշխարհ ես եկել:
Բոլորին է հայտնի, որ նեոլիբերալիզմի և գլոբալիզմի գաղափարները գործնականում կյանքի կոչելու համար աշխարհում տասնյակ տարիներ ի վեր հայտնի է այսպես կոչված Բաց հասարակության հիմնադրամը կամ, այլ կերպ ասած՝ Սորոսի հիմնադրամը:
Այս հիմնադրամը աշխարհի տարբեր երկրներում ֆինանսավորում է հասարակական, իրավապաշտպան և այլ կազմակերպությունների: Սորոսի հիմնադրամի գումարներով բազմաթիվ երկրներում տեղի են ունեցել իշխանափոխություններ և հեղաշրջումներ, ազգային արժույթները տապալվել են, որի հետևանքով շատ երկրներում ծաղկել է աղքատությունը: Խոսքը գնում է տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարների մասին:
Դրա վառ օրինակն է Ալեքսեյ Նավալնիի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում: Թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Նավալնին ՌԴ-ում, շատ լավ գիտեն Ռուսաստանում, բայց մի բան ակնհայտ է՝ որպես ընդդիմության առաջնորդ նա որևէ ժողովրդականություն չի վայելում, բայց, ինչպես ասում են, պղտոր ջրում ցանկանում է ձուկ որսալ:
Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ՝ պետք է ասեմ, որ 2018 թ. մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության իրականացման գործում նույնպես մեծ և վճռական դերակատարություն ունեցան այսպես կոչված «սորոսականները», որոնք տարիներ շարունակ ձևավորել էին իրենց ցանցը՝ իրավապաշտպանների, ԶԼՄ-ների և մի շարք հասարակական կազմակերպությունների միջոցով՝ ստանալով ընդհանուր առմամբ տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Փոքր չափերով Հայաստանում մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումը հանրային կյանքի տարբեր բնագավառներում ունեցավ վճռական ազդեցություն: Օգտագործելով նախկինների բացթողումները և սոցիալական խնդիրները, արդարության դեֆիցիտը՝ նրանք ժողովրդի դժգոհությունն օգտագործեցին ապազգային քաղաքականության իրագործման համար:
Այժմ էլ ՀՀ-ն անվտանգային առումով լուրջ խնդիրներ ունի: Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն է, որ սորոսական գաղափարախոսությունը և դրա գործնական իրականացումը հակասության մեջ մտավ և ջարդեց ազգային արժեհամակարգի ողնաշարը մեր երկրում:
2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա ադրբեջանա-թուրքական ագրեսիան Արցախում իրական ցեղասպանություն էր:
Մենք ունեցանք հազարավոր զոհեր, 10 հազարից ավելի վիրավորներ, խեղված ճակատագրեր: Եվ որքան էլ մեր երիտասարդ զինվորների, փորձված աշխարհազորայինների ազգային ոգին բարձր է, սակայն ապազգային և սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար: Արդյունքում՝ մենք զիջեցինք 90-ականների մեր հաղթանակը:
Հիմա Եվրոպան Նավալնու համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում:
Եվրոպա՛, ես քեզ ուղիղ հարց եմ տալիս՝ ո՞ւր էիր դու 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչո՞ւ ձայնդ չէր լսվում:
Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը: Եվրոպան բացակա էր:
Հիմա եթե Ռուսաստանը լիներ Եվրոպայի նման հեռու, մենք չէինք ունենա ընդհանրապես Արցախի փրկված մասը, իսկ ՀՀ-ն կհայտնվեր շատ բարդ իրավիճակում:
Նավալնու երազած Ռուսաստանը ազգային ինքնությունը կորցրած Ռուսաստանն է, որը շատ ու շատ հեռու կլինի իմ հայրենիքից:
Սեփական հոր և մոր դեմ չի՛ կարելի գնալ, Ալեքսե՛յ Նավալնի:
Եվրոպա՛, ավելի ճիշտ՝ գլոբալիստների ձեր ճգնաժամը մի՛ փաթեթավորեք ՌԴ-ի միջոցով և մի՛ օգտագործեք Նավալնուն՝ որպես էժանագին գործիք:
Դա ապագա չունի»: