ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը և քննարկելու հետագա համագործակցության ծրագրերը: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով համակարգում է նաև միջազգային գործընկերության ոլորտը:
Հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրել է 2017 թվականից՝ FAST-ի հիմնադրումից ի վեր իրականացված և ներկայումս կյանքի կոչվող ծրագրերը: Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման, գիտակրթական գործունեության մեջ նորարարության ներդրման ուղղությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրականացվող քաղաքականության տիրույթում համագործակցության, այդ թվում և սփյուռքի ներուժի ներգրավման շուրջ:
Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: Ծրագրերն իրականացվում են հիմնական 3 ուղղությամբ՝ կրթություն, հետազոտություն և գիտահետազոտական արտադրանքի առևտրայնացում: Այս ընթացքում իրականացվել է 26 ծրագիր:
Ներկայացնելով FAST-ի գործունեությունը՝ համագործակցության և ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը պատմել է գիտական հանրության աջակցությանն ուղղված ծրագրերի մասին, որոնց թվում՝ 2018-2019 թվականներին իրականացրած ասպիրանտների համար կրթաթոշակային ծրագրի՝ Գիտության կոմիտեի համագործակցությամբ, գործընկերային հետազոտությունների համար ճամփորդական դրամաշնորհի և ADVANCE STEM Research դրամաշնորհային ծրագրի մասին:
Այս պահին ADVANCE ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է 2 ծրագիր՝ 4 տարի ժամկետով և տարեկան 45-65 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ: Դրանց շրջանակում իրականացվում է հետազոտական աշխատանք, որի գիտական ղեկավարները միջազգային համալսարանների և գիտական կենտրոնների ղեկավար պաշտոններում աշխատող սփյուռքահայ գիտնականներ են:
Առանձնահատուկ շեշտադրվել է FAST-ի կողմից իրականացվող Կենսագիտական ինկուբատոր–բաց լաբորատորիայի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ պետության կողմից 60 մլն դրամի տրամադրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` լաբորատոր տարածքը վերանորոգելու նպատակով: Համագործակցության շրջանակում «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» լաբորատորիան կապահովի սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա կենսագիտության ոլորտում գործող ստարտափներին և հետազոտական թիմերին իրականացնելու գիտական վարկածի փորձարկման աշխատանքները:
Որպես հետազոտական արդյունքների առևտրայնացման ոլորտում հաջող փորձառություն է ներկայացվել Առաջատար լուծումների կենտրոնի (Advanced Solutions Center – ASCENT) աշխատանքները, որոնց շրջանակում հետազոտական 6-հոգանոց թիմը ստեղծել է արհեստական բանականության հիմքով դեղանման միացություններ գեներացնող ալգորիթմ, որն ունիվերսալ է և կարող է ստեղծել դեղանման միացություններ ցանկացած մոլեկուլային թիրախի դեմ: Առաջիկայում նախատեսվում է փորձարկել մոլեկուլները:
Նախարար Վահրամ Դումանյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել հիմնադրամի աշխատակազմին՝ հատկապես կարևորելով արհեստական բանականության ոլորտի զարգացումը Հայաստանում. «Այս ոլորտը ժամանակի հրամայականն է, և տեղական մասնագետներ պատրաստելը մեր առաջնային խնդիրներից է»:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև SciNova կրթական ծրագրին, ինչպես նաև «1991 ստորաբաժանում» ծրագրին, որի շրջանակում հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու համար։ Հիմնադրամն իրականացնում է նաև նեղ մասնագիտացված դասընթաց արհեստական բանականության ոլորտում ստորաբաժանում ընդունված զինծառայողների համար, ինչպես նաև տրամադրում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նախագծերի կառավարման աջակցությունը «1991 ստորաբաժանում» արհեստական բանականության խմբին։
«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակներից է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: «1991 ստորաբաժանման» զինծառայողները ծառայության ընթացքում ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո աշխատանքի անցնելու հնարավորություն կունենան հենց ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել իրենց ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ինչպես նաև ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:
Այս ծրագրի շրջանակում քննարկվել են նաև տարկետման պայմանների վերանայման, բանակի և բարձրագույն կրթության արդյունավետ համատեղմանն առնչվող խնդիրներ՝ կարևորելով կրթության անընդհատությունը հատկապես արագ զարգացող մասնագիտությունների դեպքում:
Հիմնադրամի առաջիկա գործողությունները պլանավորվում են հետևյալ ոլորտներում՝ արհեստական բանականություն, կենսաբանական տեխնոլոգիաներ և ռոբոտաշինություն, որոնցում, ըստ հիմնադրամի հետազոտությունների, Հայաստանը համաշխարհային մակարդակի մրցունակություն դրսևորելու ներուժ ունի: Հիմնադրամը նպատակ ունի առաջիկա 5 տարիներին մեծացնել «Առաջնային խնդիրներից են ստեղծել մասնագիտական այնպիսի միջավայր, որ ծրագրում ներգրավեն բակալավրիական և մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներին՝ նրանց մեկ քայլ առաջ դեպի գիտություն տանելու նպատակով, ինչպես նաև սփյուռքի հայ երիտասարդ գիտնականների համար ստեղծել միջավայր ծրագրի շրջանակում գալ Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: