Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման օրը ՀՀ կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: «Արմենպրեսի» հետ զրույցում արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ այն, ինչպես նաև մյուս 13 հափշտակված անձնագրերը չեղարկվել են:
«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»,- նշեց Նաղդալյանը:
Հունվարի 26-ին «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, թե ադրբեջանցիներն իրեն են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:
Նոյեմբերի 10-ին ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից դժգոհող քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելու համար:
Այդ ընթացքում մի խումբ անձինք ներխուժել էին կառավարության շենք, վնասել գույքը: