Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում պատվիրակներն ընտրում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, նրա տեղակալին և ՄԻԵԴ-ի երկու դատավորի: Հայկական պատվիրակության օրակարգում արդեն երկրորդ օրն առաջնայինը հայ ռազմագերիների հարցն է: Ադրբեջանը միայն խոսում է խաղաղությունից, քայլեր չի ձեռնարկում:
Վլադիմիր Վարդանյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Մինչև հիմա Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել ռազմագերիների ֆիզիկական վիճակի մասին նվազագույն տեղեկություն: Կցանկանայի պատասխանատու կերպով հայտարարել՝ այս մարդկանց Ադրբեջանը չի պահում այն պատճառով, որ նրանք որևէ հանցանք են գործել, այլ դա անում է պարզապես նրանց հայ լինելու պատճառով: Կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում Եվրոպայի խորհուրդը կարող է ունենալ անդամ, որն այլ երկրի հովանավորությամբ հայերի դեմ ռասսայական խտրականության քաղաքականություն է վարում: Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է հայերի ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյությանն ընդհանրապես: Կարծում եմ՝ մենք չենք կարող հանդուրժել ռասիստական պետության առկայություն Եվրոպայի խորհրդում, և անդամ բոլոր երկրները պետք է հարգեն ՄԻԵԴ-ի որոշումները:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ԵԽԽՎ պատվիրակները դիմում են եվրոպացի գործընկերներին և հարց ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան, երբ ցեղասպանվում էին հայերը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում:
Միքայել Մելքումյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Հիմա Եվրոպան Նավալնիի համար աղմուկ է բարձրացնում, իսկ Արցախի թուրք-ադրբեջանական ցեղասպանությունը չի նկատում: Եվրոպա՛, ես ուղիղ հարց եմ տալիս՝ ո՞ւր էիր 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչո՞ւ ձայնդ չէր լսվում: Պատերազմը կանգնեցրեց Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինը: Եվրոպան բացակա էր:
Նաիրա Զոհրաբյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Ես հարց ունեմ ձեզ, հարգելի գործընկերներ, ձեզանից որևէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, որի որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիև-Էրդողան երկյակը, միջազգային բոլոր իրավավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է և պիտի ճանաչվի այդպիսին։
Զոհրաբյանը կոչ արեց Եվրոպային օգտագործել մարդու իրավունքների պաշտպանի իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը երեկ հայտարարում էր, թե որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև և խոսում վստահության մթնոլորտի վերականգման մասին:
Ռուբեն Ռուբինյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար - Անցած ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, որը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից: Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանությունն այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը: Եթե այո, սա շատ տարօրինակ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է այնպիսի օրինակ, որ նացիստական գաղափարախոսությունը բերի վստահության մթնոլորտի ամրապնդման։
Ռուբինյանը հիշեցրեց. «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ցավոք, չի գործել, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ավարտին հասցնել գործընթացը և, ավելին, զինադադարից հետո Ադրբեջանը հարձակվել է 2 գյուղի վրա, ինչի հետևանքով գերեվարվել են այլ ռազմագերիներ, որոնց նկատմամբ Ադրբեջանն սկսել է քրեական հետապնդում՝ նրանց անվանելով «հանցագործներ» և «ահաբեկիչներ»:
Ռուբեն Ռուբինյան - 20 տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի անդամ: Ես գիտեմ, որ այս 20 տարվա ընթացքում ձեզանից շատերը հոգնել են հայ-ադրբեջանական շարունակական վեճերից այս դահլիճում: Արդյունքում՝ ձեզանից շատերն այնքան էլ տրամադրված չեն եղել խոսել խնդրի մասին, ձեզանից շատերը, թերևս, կարևոր են համարել հավասարակշռված լինելը, ձեզանից շատերը, թերևս, փորձել են կողմնապահություն չդրսևորել, ինչպես նշեց պարոն Սեիդովը: Սակայն ես այսօր ձեզանից խնդրելու եմ կողմնապահ լինել։ Կողմնապահ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության, հօգուտ խաղաղության ու մարդու իրավունքների և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման:
«Լուսավոր Հայաստան»-ից ԵԽԽՎ պատվիրակ Էդմոն Մարուքյանն ընդգծում է. Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը, և այդքանից հետո խոսում է վստահության մասին:
Էդմոն Մարուքյան, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ - Կարծում եմ՝ մենք ունենք այս իրավիճակում երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է՝ խաղաղության ճանապարհով, ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետո խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին իրենց բանտերում, հարկ է նկատել՝ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է։
Իսկ ահաբեկչական բնույթի պետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին մեր պատվիրակությանն արտասովոր է թվում: