ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրվա օրակարգում ՄԻԵԴ դատավորների ընտրության, վեհաժողովի մշտադիտարկման գործընթացների, տեխնիկական այլ հարցերի քննարկումներ էին: Հայաստանյան պատվիրակության առաջնահերթություններն այլ էին: Ելույթների երկրորդ մասում պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանցի գործընկերոջ՝ այդ երկրի պատվիրակության ղեկավար Սեիդովի ելույթին, որը հայտարարել էր, թե այլևս որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և խոսում էր խաղաղությունից:
Ռուբեն Ռուբինյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար) - Իմ ադրբեջանցի պաշտոնակից պարոն Սեիդովն այսօր խոսեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման անհրաժեշտության մասին: Եկեք խոսենք վստահության մթնոլորտի մասին։ Անցյալ ամիս Ադրբեջանում թողարկվել է պաշտոնական դրոշմանիշ՝ նվիրված 2020 թվականին, որի վրա պատկերված է պաշտպանիչ հագուստով տղամարդ, որը մաքրում կամ ախտահանում է քարտեզի այն մասը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղը, և նա, անշուշտ, ախտահանում է այդ մասը հայերից: Պարոն Սեիդովը և Ադրբեջանի իշխանությունն այսպե՞ս են պատկերացնում վստահության մթնոլորտի ամրապնդումը: Եթե այո, ապա սա շատ տարօրինակ է, որովհետև ես չեմ կարծում, որ մարդկության պատմության մեջ եղել է այնպիսի օրինակ, որ նացիստական գաղափարախոսությունը բերի վստահության մթնոլորտի ամրապնդման։
Մյուս կարևոր խնդիրը ռազմագերիների հարցն է: Ռուբինյանը հիշեցրեց. «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, ցավոք, չի գործել, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է ավարտին հասցնել գործընթացը, և, ավելին՝ զինադադարից հետո ադրբեջանական կողմն իրականացրել է այլ հարձակումներ երկու գյուղի վրա, ինչի հետևանքով գերեվարվել են այլ ռազմագերիներ, որոնց նկատմամբ Ադրբեջանն սկսել է քրեական հետապնդում՝ նրանց անվանելով «հանցագործներ» և «ահաբեկիչներ»:
Ռուբեն Ռուբինյան - 20 տարի առաջ Հայաստանը և Ադրբեջանը դարձան Եվրոպայի խորհրդի անդամ: Ես գիտեմ, որ այս 20 տարվա ընթացքում ձեզանից շատերը հոգնել են հայ-ադրբեջանական շարունակական վեճերից այս դահլիճում: Արդյունքում՝ ձեզանից շատերն այնքան էլ տրամադրված չեն եղել խոսել խնդրի մասին, ձեզանից շատերը, թերևս, կարևոր են համարել հավասարակշռված լինելը, ձեզանից շատերը, թերևս, փորձել են կողմնապահություն չդրսևորել, ինչպես նշեց պարոն Սեիդովը: Սակայն ես այսօր ձեզանից խնդրելու եմ կողմնապահ լինել։ Կողմնապահ՝ ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ հօգուտ մարդասիրության, հօգուտ խաղաղության ու մարդու իրավունքների և հօգուտ նացիստական գաղափարախոսության մերժման:
Ռազմագերիների հարցը նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթում էր:
Էդմոն Մարուքյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այս հարցով ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները: Ավելին՝ դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերու։ Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության մասին։ Ես կարծում եմ՝ մենք ունենք այս իրավիճակում երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է՝ խաղաղության ճանապարհով, ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետո միայն խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին իրենց բանտերում, հարկ է նկատել՝ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է։
Ադրբեջանի ահաբեկչական վարքը նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթում էր:
Նաիրա Զոհրաբյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Ես հարց ունեմ ձեզ, հարգելի՛ գործընկերներ, ձեզանից որևէ մեկը փորձե՞լ է իրեն պատկերացնել այն զինվորի ծնողի փոխարեն, որի որդուն գլխատում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչներն ու գլխատված որդու նկարն ուղարկում մերձավորներին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մի քանի տասնյակ հազար արցախահայ տեղահանվեց իր բնակավայրերից, և ի՞նչ է սա, եթե ոչ հումանիտար աղետ։ Այն, ինչ այս պատերազմում արեց Ալիև-Էրդողան երկյակը, միջազգային բոլոր իրավակարգավորումներով հստակ ռազմական հանցագործություն է և պիտի ճանաչվի այդպիսին։
Զոհրաբյանը կոչ արեց Եվրոպայի խորհրդին՝ օգտագործել մարդու իրավունքների պաշտպանի իր մանդատն ու անել առավելագույնը՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։