ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Տաթևիկ Հայրապետյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:
«Հարգելի գործընկերներ, այս զեկույցի շրջանակներում, երբ մենք խոսում ենք կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, ես ցանկանում եմ մեկ հարց տալ մեզ բոլորիս. ի՞նչ անել, երբ անդամ երկիրը տարիներ շարունակ ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները: Մենք ականատես ենք եղել, թե ինչպես է Ադրբեջանը օգտագործել «խավիարային դիվանագիտությունը»՝ թաքցնելով բռնապետական իրականությունն ու մարդու իրավունքների խախտումները:
Մենք զեկույցներ ենք ունեցել այդ թեմայով: Մարդը, որը ղեկավարում է երկիրը մոտ երկու տասնամյակ՝ ճնշելով բոլոր ընդդիմադիր գործիչների և ձերբակալելով նրանց: Այդ երկրի ներկայացուցիչները, որոնցից ոմանք անգամ նստած են այս դահլիճում, կաշառում էին եվրոպացի որոշ պաշտոնյաների և անգամ վտանգում ԵԽԽՎ-ի հեղինակությունը:
Բոլորս հիշում ենք Լուկա Վոլոնտեի դեպքը: Վերջինս դատապարտվեց չորս տարվա ազատազրկման ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք վերցնելու համար: Վոլոնտեն այսբերգի գագաթն է ընդամենը, խնդիրը շատ ավելի խորն է: Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով, ռուսական կողմի միջնորդությամբ արյունահեղությունն ավարտված է, սակայն հրադադարի հայտարարության ստորագրումից երկու ամիս անց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին:
Խնդրի լրջությունը հասկանալու համար մեկ օրինակ բերեմ: ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել մի խումբ ռազմագերիների վերաբերյալ՝ պահանջելով Ադրբեջանից ներկայացնել համապատասխան տեղեկություն: Չորս օր անց ռազմագերիներից մեկը դաժանաբար սպանվում է: Սա աննախադեպ է և մարդու իրավունքների կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Որպես կին պատգամավոր՝ ես նաև ցանկանում եմ շեշտել, որ կին գերի ևս կա, ով պահվում է Ադրբեջանում: Իմ հայրենակից Մարալ Նաջարյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է և հաց էր տանում զինվորներին, որոնք պաշտպանում էին Արցախի խաղաղ բնակչությանը: Հարգելի գործընկերներ, այս քննարկումը արժեքների մասին է. ԵԽ անդամ երկիրը խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու միջազգային իրավունքը, և ես ուզում եմ հարց տալ՝ ի՞նչ անել դա կանխելու համար»,- ասել է Հայրապետյանը: