Շիրակի մարզում քովիդ վիճակագրությունը դրական միտումներ է արձանագրում։ Վարակվածության դեպքերը նվազում են։ Պաշտոնական տվյալներով՝ 100-ից մի քանիսով ավելի հիվանդներ կան, որոնք բուժում են ստանում առաջնային օղակում։ Ծանր և միջին ծանրության հիվանդների թիվը կտրուկ նվազել է։
Լեյլի Ասլանյան (Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ) - Հունվարի 15-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս չի սպասարկում քովիդով վարակված հիվանդներին, հունվարի 20-ին Գյումրու բժշկական կենտրոնում քովիդ բաժանմունքը փակվեց։
Լեյլի Ասլանյան - Ծանր դեպքերի բուժումը կիրականացվի մայրաքաղաքում՝ մասնագիտացված բժշկական հիմնարկներում։ Անհրաժեշտության դեպքում Շիրակում ստացիոնար ծառայություն իրականացնող բուժհիմնարկները կվերաբացվեն։ Վարակվածության դեպքերի նվազումը մասնագետները պայմանավորում են հիմնականում հանրային իմունիտետի ձևավորմամբ։ Չնայած արդեն ավելի վստահ են խոսակցությունները իմունիտետի ժամանակավոր բնույթի մասին։
Վիրուսի դեմ պայքարում են շուրջ մեկ տարի, և դեռևս շատ հարցերում օրինաչափություն որոնել հնարավոր չէ, այն շատ քմահաճ է և տարբեր է դրսևորվում՝ օրգանիզմի առանձնահատկություններից կախված։ Այնպես որ, Արմեն Խաչատրյանի գնահատմամբ՝ միանգամայն սպասելի է նոր կորոնաալիքը, բայց որ այն կլինի նույնքան բռնկուն, միանշանակ պնդել հնարավոր չէ։
Ըստ մասնագետների՝ նկատելի է, որ հանրությունը սկսել է ավելի հանգիստ վերաբերվել կորոնավիրուսին. դա մի կողմից դրական է ազդում, մյուս կողմից՝ թուլացնում է հակահամաճարակային կանոնների նկատմամբ զգոնությունը։