Պետության կողմից Արցախի պետական համալսարանի ուսանողների վարձավճարների փոխհատուցման նպատակով՝ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսվում է շուրջ 500 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 238 միլիոն դրամի փոխարեն: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ պետության կողմից ուսանողական վարձավճարների փոխհատուցումը գործում է դեռևս անցած ուսումնական տարվանից: Այս տարվա պետբյուջեում ուսանողների վարձավճարների փոխհատուցման գումարները կրկնակի ավելացվել են՝ հաշվի առնելով, որ պետք է փոխհատուցվեն նախորդ ուսումնականի և այս տարվա ուսանողների վարձավճարները, այլ նաև Արցախյան վերջին պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների, վիրավորների ու տեղահանվածների վարձավճարների փոխհատուցման անհրաժեշտությունը:
Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցման համակարգում ներկայումս սովորում է ընդհանուր առմամբ մոտ 2000 ուսանող:
Պետբյուջեով նախատեսվող ֆինանսական միջոցներով հնարավորություն կընձեռվի գրեթե ամբողջությամբ ապահովել բոլոր ուսանողների վարձավճարների փոխհատուցումը: Բացի այդ, կան բարեգործական կազմակերպություններ, որոնք նույնպես մեկ կամ երկու կիսամյակ կվճարեն որոշ կարգախմբերի ուսանողների վարձերը: Գործում են նաև ուսանողական վարձավճարների փոխհատուցման՝ նախկինում հաստատված պետական ծրագրերը: Այսպիսով, գրեթե ոչ մի ուսանող առանց վարձավճարի փոխհատուցման չի մնալու»,- նշել է Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը: