Արցախի Քարին տակ գյուղն է: 1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանական բանակի մի քանի գումարտակ հարձակվում է համայնքի ուղղությամբ: Ունենալով 40 ինքնաձիգ, մեկական գնդացիր և նռնականետ՝ գյուղի ինքնապաշտպանական ջոկատը կատաղի դիմադրություն է ցույց տալիս նախահարձակ հակառակորդին: Տեղացիներն ասում են, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթարշավն սկսվել է հենց իրենց գյուղից:
Էդվարդ Աբաղյան, Քարին տակի հերոսամարտի մասնակից - Մենք ուժեղ գտնվեցինք կամքով և ամեն ինչով ու կարողացանք թուրք ոսոխին շպրտել գյուղի սահմաններից: Եվ դրանից հետո էլ արդեն կարծես թուրքի մեջքը կոտրվեց այդ հունվարի 26-ով: Արմատական բեկում սկսվեց մեր կամավորական ջոկատների շրջանում:
Օկուպացված համայնքի բնակիչներն առաջին անգամ Քարին տակի հերոսամարտի օրը միմյանց չեն շնորհավորում: Ցավը կրկնապատկվում է, երբ չեն կարող այցելել զոհվածների շիրիմներին: Հավաքվել են Ստեփանակերտի հուշահամալիրում՝ ոգեկոչելու զոհերի հիշատակը:
Աշոտ Հակոբյան, Քարին տակի հերոսամարտի մասնակից - Սփոփել մարդկանց, սփոփել ինքներս մեզ: Թե ինչքանով է դա ստացվում, ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, մենք փորձում ենք: Փորձում ենք հուսադրել, փորձում ենք ինքներս մեզ հույս տալ, որ կգա ժամանակը, որ կտեղափոխվենք գյուղ:
Քարին տակի հերոսամարտով դաստիարակված նոր սերունդն այս պատերազմին նույնպես մասնակցել է՝ չխնայելով ոչ իրենց, ոչ հարազատների կյանքը: Արիության համար մեդալի արժանացած կապիտան Մերսիկ Բաղդասարյանը հաշվարկի կազմում խոցել է 3 ինքնաթիռ, քսանից ավելի անօդաչու: Ասում է՝ գյուղում կրկին ապրելու հույս և նպատակ ունեն:
Մերսիկ Բաղդասարյան, 44-օրյա պատերազմի մասնակից - Լինի դա վաղը, թե մի քանի տարի հետո, մենք պիտի վերադառնանք մեր գյուղը: Քանի որ մեր գյուղում թողել ենք տուն ու տեղ, ամենակարևորը՝ մեր գերեզմանոցները:
44-օրյա պատերազմում գյուղը 7 զոհ է ունեցել: Նրանցից երեքը հանգչում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում: Քարինտակցիները տխրում, բայց չեն վհատվում: Որպես համայնք շարունակում են կյանքը, մինչև կվերահաստատվեն հարազատ Քարին տակում: